Այսօր առավոտյան Հունաստանում մեկնարկած 24-ժամյա գործադուլի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, հաղորդում է BBC-ն:
Հաղորդվում է, որ բախումներ են տեղի ունեցել Աթենքում խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքվել էին մոտ 30 հազար ցուցարարներ: Ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր և պլաստմասե շշեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:
Հիշեցնենք, որ այսօր Հունաստանում անցկացվում է համընդհանուր 24-ժամյա գործադուլ կառավարության կողմից 2010 թվականին հայտարարված «խիստ տնտեսման ռեժիմի» քաղաքականության դեմ, որը գործադիրն որդեգրել էր երկրի բյուջեի պակասուրդը և արտաքին պարտքը նվազեցնելու նպատակով:
Այսօր Հունաստանում փակ են դպրոցները, համալսարաններն ու բանկերը: Անգամ հիվանդանոցներն են աշխատում «էքստրեմալ» պայմաններում, քանի որ բժիշկները նույնպես միացել են բողոքի ակցիային: Միաժամանակ բողոքում են նաև լրագրողները: Հունական հեռուստաալիքները ողջ օրվա ընթացքում փաստավավերագրական ֆիլմեր են ցուցադրում, իսկ ռադիոկայաններից միայն երաժշտություն է լսվում: