Չգիտեմ, ինչի մասին է խոսքը, ես հեռուստացույց չեմ նայում, և այս իրարանցումն ինձ համար անհասկանալի է: Ես սա համարում եմ ցուցադրական մի հերթական երևույթ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանն այսպես է արտահայտվել` անդրադառնալով երգահան Վահրամ Պետրոսյանի վերջերս արած հայտարարությանն այն մասին, որ նա և իր ընկերները նաև ադրբեջանական երաժշտություն են լսում:
Հեքեքյանը հեռու է այն մտքից, որ մարդուն պետք է պարտադրել, թե նա ինչ լսի, սակայն «որևէ ձևով պիտի պետությունը, մասնագետները` ի դեմս ինձ, որոնք ունեն, իհարկե, լայն ամբիոն, ազդեցության ոլորտ, կարողանան դաստիարակել ճաշակ: Սա թերի ճաշակի հետևանք է»:
Նա նաև հայտարարել է, որ այսօր նույնիսկ «կիրթ էստրադային երգիչները ազգային պատկանելիութուն» չունեցող հնչեղություն են մտցնում իրենց երգարվեստի մեջ.
«Մենք ասում ենք` ադրբեջանական, թուրքական, պարսկական… ես ասում եմ` այդ ազգերը կվիրավորվեին, եթե այն, ինչ մենք այսօր հեռարձակում ենք եթերով, ինչ մենք դարձրել ենք մերը, համարենք իրենցը»:
Հեքեքյանը նաև ընդգծել է, որ մուղամը Արևելքում շատ բարձր հարգանք և արժեք ունեցող արվեստ է, որին հայաստանյան կատարողները նույնիսկ չեն տիրապետում: «Եկեք որոշենք. սա մերը չէ, ժողովուրդ», – ասել է Հեքեքյանը:
Նրա մտքի հետ լիովին համաձայն էր երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ով նշել է, որ երկու խնդիր է խառնվել իրար` հարևան ազգերի մշակույթի ազդեցություն և մակարդակի, որակի և ճաշակի խնդիրը:
«Ես բացարձակապես քսենոֆոբ չեմ, և ես հարգում եմ ամբողջ Արևելքի արվեստը», նշել է Պիպոյանը: Այլ հարց է, հավելել է երգչուհին, երբ հայկական երաժշտության մեջ գռեհկություն է ներթափանցում:
«Իհարկե, պատմություն ենք ունեցել և փոխազդեցություններ են եղել, մենք չենք կարող դրանից խուսափել: Խնդիրը, որ հիմա բարձրացել է, նոր չէ, ու ես նորից պիտի ասեմ մի բան, որը հաճախ ասել եմ. քանի որ մենք մի ժողովուրդ ենք, որը մազապուրծ է եղել ոչնչացումից, և մենք գիտենք, ում կողմից է սպառնացել վտանգը, մեզ համար շատ կարևոր է հատկապես նշել ու շեշտել մեր ինքնությունը», – ասել է Պիպոյանը:
Նա նաև հայտարարել է, որ եթե մարդն իր կարծիքն արտահայտում է ազնվորեն, նա իրեն ավելի է հարգում, քան նրանց, ովքեր կեղծ պատկերների տակ թաքնվելով, «իրականում անում են նույնը»:
Բանախոսները եկել են այն եզրահանգման, որ պետությունը պետք է կրթի իր երեխաներին: Այս համատեքստում Տիգրան Հեքեքյանը պատմել է, որ հինգը տարի առաջ նա առաջարկել է հանրապետության բոլոր աշակերտներին տարեկան 20 ժողովրդական երգ սովորեցնել:
«Եկեք սկսենք երեխաներին կրթել», – կոչ է արել Հեքեքյանը: