Հայաստանում ստեղծված իրավիճակը տանում է Ղարաբաղի, ժողովրդավարության կորստի, գների աճի և արտագաղթի: Նման հայտարարությամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես է եկել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«Այս պահին, հավատացեք, երբեմն իշխանության գալը դառնում է ոչ ավելի լուրջ, քան էս պռոցեսները կանգնացնելը», – ասել է ընդդիմադիր գործիչը: Շարունակվող արտագաղթը, նկատել է Մանուկյանը, կարող է հանգեցնել աղետի:
«Բիզնեսը Հայաստանից դուրս է գալիս` Հայաստանը ներդրումային երկիր չէ: Իշխանությունը իր բիզնեսը հանում է Վրաստան: Ով հնարավորություն ունի, իր երեխուն հանում է Հայաստանից դուրս», – ասել է բանախոսը:
Մանուկյանը նաև նկատել է, որ 9-ից 10-րդ դասարան անցման ժամանակ տասը հազար տղա է լքում Հայաստանը:
«Սա իր հետ բերում է համասեռամոլություն, ընտանիքների քայքայում, բերում է ծեր ամուսնություններ, ամուսնալուծություններ: Տղաների և աղջիկների քանակի դիսբալանսը լրջագույն դեմոգրաֆիկ պռոբլեմ է», – հայտարարել է ընդդիմադիրը` նշելով, որ հարկավոր է այս գործընթացների «դեմն առնել»:
«Մենք պատրաստ ենք էդ պռոցեսների դեմն առնելու: Մեր քաղաքական թիմը պատրաստ է ղեկավարելու շարժումը հնարավորինս անկորուստ, հնարավորինս խոհեմ, խելացի, կազմակերպված, փորձված մեթոդներով, կայացած թիմով կատարել իշխանափոխությունը», – եզրափակել է Մանուկյանը: