Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին բաց են թողել ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնից: Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ քաղաքացիական հագուստով մադրիկ ոստիկանության բաժին բերման էին ենթարկել ակտիվիստներ Արեգ և Սարգիս Գևորգյաններին, Սահակ Մուրադյանին, Հովհաննես Քիրամիջյանին, Հերմինե Մաթևոսյանին, Մարիամ Մուրադյանին, Տաթևիկ Պողպատյանին, Սարգիս Խաչատրյանին և Գուրգեն Ասատրյանին, ովքեր մարտի 1-ի հանրահավաքից առաջ թռուցիկներ էին բաժանում:
Մեկ ժամ առաջ բաց էին թողել աղջիկներին, իսկ տղաներին տեղափոխել էին նարկոդիսպանսեր հետազոտման համար: Մի քանի րոպե առաջ նրանց բերել են ոստիկանության շենքի մոտ և ազատ արձակել: Այդ պահին շենքի մոտ հավաքված են եղել Հայ Ազգային Կոնգրեսի մոտ 120 ակտիվիստեր և լրագրողներ:
Հիշեցնենք, որ երիտասարդներին բերման ենթարկելուց հետո ոստիկանություն են ժամանել նրանց փաստաբանները, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության երկու պատգամավորներ՝ Զարուհի Փոստանջյանը և Ստեփան Սաֆարյանը: Epress.am-ի լրագրողի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշել էր, որ երիտասարդներն իրենց նորմալ են զգում, և վստահեցրել, որ ակտիվիստներին այսօր բաց կթողնեն: