Home / Հայաստան / Հայաստանյան ընդդիմությունն իշխանափոխություն է ցանկանում, ոչ թե հեղաշրջում

Հայաստանյան ընդդիմությունն իշխանափոխություն է ցանկանում, ոչ թե հեղաշրջում

Ժողովրդավարությունն է, որ պետք է փրկի Ղարաբաղը և Հայաստանը: Նման կարծիք է հայտնել Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը` մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի` «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցը:

Հիշեցնենք, որ Զուրաբյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ԼՂ հարցի պատճառով պետք է շատ նուրբ որոշումներ լինեն, այնինչ, ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում ասվեց, որ հենց «հանուն Ղարաբաղի պետք է եգիպտանալ, թունիսանալ», ասել է. «Խոսքն այն մասին է, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Մենք վստահ ենք, որ խնդրի լուծումը դրա մեջ է: Սա է, որ հնարավորություն է տալիս ոտքի կանգնած ժողովրդի բողոքը տանել շատ կազմակերպված եղանակով, այնպես, որ Հայաստանում տեղի ունենա թավշյա հեղափոխություն»:

Այս առնչությամբ Մանուկյանը նշել է, որ Հայաստանի ժողովրդավարության շնորհիվ «աշխարհը աջակցեց մեր գործողություններին Ղարաբաղի ազատազրկման պռոցեսում»:

«Պատերազմի փուլում չի եղել որևէ երկիր, անգամ մուսուլմանական, անգամ ռադիկալ, անգամ ոչ բարեկամ, որը հայտարարեր, որ Հայաստանն ագրեսոր է, որ Հայաստանը գրավում է այլ երկրի տարածք», – նշել է Մանուկյանը:

Ըստ նրա` Հայաստանի ոչ ժողովրդավար դրսևորումների արդյունքում այժմ աշխարհում չի մնացել որևէ երկիր կամ կազմակերպություն, որը չհայտարարի, որ Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի տարածքից:

«Հայաստանը կզարգանա, կլուծի իր միջազգային պարտավորությունները, կդառնա տարածաշրջանում վստահելի գործընկեր, եթե լինի ժողովրդավար». – ասել է Մանուկյանը:

Նա ձախողված է համարում ամերիկացիների և եվրոպացիների մեթոդը, որով վերջիններս փորձել են լուծել տարածաշրջանային խնդիրները:

«Լեգիտիմ իշխանությունն ավելի հեշտ ինտեգրվող է և տարածաշրջանում խնդիրներ լուծող, քան խոցելի իշխանությունը: Փոխեք ձեր մեթոդը», – դիմել է ընդդիմադիրը ԱՄՆ-ին և Եվրամիությանը:

Արամ Մանուկյանը շեշտեց, որ ընդդիմությունը ոչ թե հեղաշրջում է ուզում, այլ իշխանափոխություն, որովհետև «հեղաշրջման միջոցով եկած իշխանությունը կրկին խոցելի է»: