Փետրվարի 25-ին Պաշտպանության նախարարությունում տեղի կունենա ռուսերենի ինտերակտիվ ուսուցման դասարանի բացման արարողությունը: Ռուսերենի ուսուցման նախաձեռնության հեղինակը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է:
Ռուսերեն դասընթացներին կմասնակցեն, առաջին հերթին, սպաները, ովքեր ապահովում են ՀԱՊԿ-ի և Օպերատիվ հակազդեցության կոլեկտիվ ուժերի անդամ երկրների բանակների հետ համագործակցությունը, ինչպես նաև զորամասերի հրամանատարներն ու Բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողները, ովքեր կմասնակցեն դասընթցներին Ռուսաստանի Գլխավոր շտաբի ակադեմիայում, հաղորդում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» (Ռուսաստանի հետ համագործակցություն) ներկայացուցչությունը:
Նշենք, որ սկսած 1992 թվականից` Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները վերահսկվում են ռուսական և հայկական սահմանապահների կողմից: Երկու երկրները համատեղ ապահովում են ԱՊՀ-ի հարավային տարածաշրջանների հակաօդային անվտանգությունը, համագործակցում են ՀԱՊԿ-ի և Օպերատիվ Հակազդեցության կոլեկտիվ ուժերի շրջանակներում: 2010-ի օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցի շրջանակներում արձանագրություն ստորագրվեց, որի արդյունքում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի տեղակայման ժամկետները երկարաձգվեցին մինչև 2046 թվականը: