Home / Հայաստան / Հայաստանում ստեղծեցին հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն

Հայաստանում ստեղծեցին հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն, սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 100000 դրամ, որը համապատասխանում է 100 հատ հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ընկերության 2011թ. բյուջեի ապահովումը մինչև 73245400 դրամի սահմանում իրականացնել 2011թ. պետբյուջեի «Հեռուստատեսային ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը բազմիցս արծարծվել է մշակույթի գործիչների և մտավորականության կողմից։ Այժմ ալիքը հնարավորություն է ստանում իրականացնել առանձին ծրագրային քաղաքականություն, ինքնուրույն որոշել հաղորդումների թեմատիկ ուղղվածությունը` բավարարելով հանրության բոլոր շերտերի հոգևոր-մշակութային պահանջմունքները։

Համաձայն օրենքի նախագծի, այդ հեռուստատեսությունը գործելու է «Արարատ» ալիքի հաճախականության վրա: Հիշեցնենք, որ դեկտեմբերին կայացած կապուղիների մրցույթում  Հանրային հեռուստատեսությունը երկու ալիք էր ստացել` Առաջին ալիքը (Հ1) և «Արարատ» ալիքը, որի հաճախականությունը վերջին ասմվա ընթացքում օգտագործում էր կապուղուց զրկված «Շողակաթ» հեռուստաընկերությունը: Նոր հեռուստաալիքը, փաստորեն, ստեղծվել է «Արարատի» և «Շողակաթի» միացման արդյունքում: