ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հրաժեշտի այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Նախագահը բարձր է գնահատել Պիտեր Սեմնեբիի ներդրումը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության ամրապնդման գործում:
«Այն պահից, երբ Դուք ստացաք Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի մանդատը, կարծում եմ` մեր հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը նաև Ձեր ջանքերի շնորհիվ ամրապնդվեցին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` իր աշխատանքը նման գնահատականի արժանացնելու համար և նշել, որ պաշտոնավարման հինգ տարիներին բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:
Պիտեր Սեմնեբին իր գործունեության անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքից կարևորել է առաջին հերթին Հարավային Կովկասի երեք երկրների հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին 2009թ. որոշումը, որը, ըստ նրա, եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանի համար ապագան կանխորոշող փաստաթուղթ է, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: