Այսօր Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները, որոնք վերջին 18 օրերի ընթացքում մաքսազերծման գների և նոր կարգի դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում հանդես են եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ կառավարության կողմից այսօր կայացած որոշմանը, համաձայն որի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մի մասի մաքսազերծման համար պետությունը անտոկոս վարկեր է տրամադրելու:
«Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը, այնուհանդերձ, որոշեց աննշան փոխզիջման գնալ և մեր մեքենաների մի մասի (մինչև 2005 թիվն արտադրված, մինչև 5 մլն դրամ մաքսային արժեքով և մինչև 2011 թվականիի փետրվարի 5-ի գնված ավտոմեքենաների) մաքսազերծման համար անտոկոս վարկ տրամադրել: Սակայն, կարծում ենք, որ այդ հնարավորությունից կօգտվեն մաքսազերծման խնդրի առաջ կանգնած ավտոմեքենաների տերերի փոքրաթիվ մասը, մեր կարծիքով` հազիվ 5-10 տոկոսը (այստեղ չեն հաշվված այն փոքրաթիվ վարորդները (ըստ կառավարության այսօրվա հաղորդման, մոտ 4000 (իսկ մի քանի օր առաջ, ՊԵԿ-ի պաշտոնյաները հրապարակել այդ մեքենաների 46.000 թիվը), ովքեր ֆինանսական այսօրինակ խնդիրներ չունեն և առանց այդ վարկերի էլ մաքսազերծում են ու մաքսազերծելու են իրենց մեքենաները)», – նշում են հայտարարության հեղինակները:
Նրանց խոսքով` կառավարությունը հաճույքով նշում է օրենսդրական այս փոփոխության հետևանքով մաքսազերծված մեքենաների թիվը, բոլորովին չհետաքրքրվելով այս ընթացքում Վրաստան տարված և հապճեպ, խիստ էժան գներով վաճառված ավտոմեքենաներով, դրանից տուժված իր քաղաքացիներով և այդ միտման հետագա շարունակությամբ:
«Կառավարությունը այդպես էլ խորամուխ չեղավ բուն խնդրի մեջ, որ հարուցել էր ինքը` հազարավոր վարորդներին հարկային թակարդի մեջ գցելով: Անտոկոս վարկի տրամադրումը նույն է, թե կառավարությունը իր գրպանից մյուս գրպանը դրամ է տեղափոխում և մեզ ստիպում լցնել իր առաջին գրպանը, պարտադրելով, այնուամենայնիվ, մեքենաներն անմիջապես մաքսազերծել, վարկ ստանալ և մեքենաները` վարկի դիմաց գրավ առնելով` դառնալ վարկային պատանդ, չունենալ այդ մեքենան օտարելու, գուցեև` արտասահման ուղևորվելու հնարավորություն ամբողջ այն ընթացքում, քանի դեռ վարկը չենք փակել (հայտնի է, որ գրավադրված ավտոմեքենաների մեծ մասի դեպքում նրանց տեղաշարժը ՀՀ սահմաններից դուրս սահմանափակվում է): Կառավարությունը թող ինքնախաբեությամբ չզբաղվի` անտոկոս վարկը հարցի լուծում չէ»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը հեղինակած վարորդները կառավարության ու ՀՀ Ազգային Ժողովի վերաբերմունքը և ուշադրությունը իրենց շարունակական զանգվածային բողոքներին գնահատել են անբավարար:
«Նրանք այդպես էլ չկամեցան հասկանալ մեր խնդիրներն ու պահանջները, ըստ էության, բացառեցին որևէ երկխոսություն, հրաժարվեցին այս հարցի շուրջ հանրային լսում կամ քննարկում կազմակերպելու գաղափարից, չկատարեցին որևէ ընդառաջ քայլ մեր ներկայացրած չորս պահանջերի ուղղությամբ: Մասնավորաբար. ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը կտրուկ հրաժարվեց իր օրենսդրական նախաձեռնությունից, որով նախատեսվում էր մինչև 2013 թվի վերջը վարորդներին մեքենաները մաքսազերծելու ժամանակ տալ: ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը քննարկում էր նախաձեռնել փետրվարի 25-ին` ԲՀԿ պատգամավորների, ՊԵԿ ներկայացուցիչների և վարորդների մասնակցությամբ, այնինչ այսօր տեղեկացրեց, որ քննարկումը տեղի չի ունենա: ԱԺ պատգամավորները, ըստ էության, չարձագանքեցին «Ժառանգություն» պատգամավորների` այս հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկին: Արդյունքում, Հայաստանում Վրաստանից ներկրվող ավտոմեքենաների համար փաստացի պահպանվեց մաքսազերծման այն ռեժիմը, ինչ մտցրել են 2011 թվի փետրվարի 5-ից, և` մաքսազերծման այն անհասկանալի գնային համակարգը, ինչ գործում է արդեն մի քանի տարի», – հայտարարում են վարորդները:
Նրանց կարծիքով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօր կառավարության նիստի հնչեցրած այն միտքը, թե «մենք ունենք հանրապետության նախագահի հստակ հանձնարարությունը` մշակելու սոցիալական փաթեթ, որն օգնելու է մեր քաղաքացիներին` լուծելու սոցիալական հարցերը», ուղղակի խոսում է այն մասին, որ իշխանությունը նախ ընդունում է իր քաղաքացիներին ծանր սոցիալական կացության մեջ դնելու որոշումներ, ապա միայն` գլխի ընկնում, որ հարկավոր է առաջացած սոցիալական հարցերը լուծել:
«Կարծես, հնարավոր չէր ժամանակին խորությամբ ուսումնասիրել բոլոր այն բարդացումները, որոնք առաջանալու էին «բյուջե լցնելու» համար մեր դեմ կազմակերպված այս գրոհի հետևանքով: Մենք վերահաստատում ենք մեր` փետրվարի 18-ի հայտարարության մեջ նշված միտքը, որ ՀՀ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի ՀՀ ԱԺ կատարած, խնդրո առարկա փոփոխությունների բերումով չենք կարող սպասել մեր խնդիրների լուծման ուղղությամբ պատշաճ արձագանքի, ավելի, քան մինչև փետրվարի 28-ը` ներառյալ: Այսպիսով, եթե մինչ այդ ՀՀ կառավարությունը չթողնի իր կոսմետիկ միջոցառումներն ու չանցնի խնդրի իրական լուծումների, ստիպված կլինենք անցնել մեր պլանավորված ծայրահեղ գործողություններին, այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով հանրությանը և իշխանություններին», – եզրափակում են հայտարարության հեղինակները: