Հայ Ազգային Կոնգրեսի մոտ 50 երիտասարդներ այսօր երթով դուրս են եկել փողոց` բաժանելու Հայ Ազգային Կոնգրեսի թերթոնները, որոնց միջոցով քաղաքացիներին իրազեկում են մարտի 1-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքի մասին:
Երթի ժամանակ Կոնգրեսի երիտասարդները բարձրախոսով հայտարարում էին. «Մարտի մեկին ժամը 17.00 բոլորս միասին դեպի Մատենադարան ապացուցելու համար, որ հանցագործ իշխանությունները և Հայաստանի ազատատենչ ժողովուրդը այլևս անհամատեղելի են և շատ շուտով հանցագործ իշխանությունները հեռանալու են ՀՀ-ից: Մուբարաքների և մնացած բռնապետների ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանում իշխանության ղեկին հայտնված հանցագործին»:
Երթի ողջ ընթացքում երիտասարդներին հետևում էին մի խումբ ոստիկաններ: Երթի ընթացքում հիմնականում միջադեպեր տեղի չեն ունեցել, միայն մեկ կին Մաշտոցի պողոտայում «Ինչ մարտի մեկ, էլի ցեղասպանություն ե՞ք ուզում» գոռալով` մոտեցել է երիտասարդներին և սկսել է քաշքշել նրանցից մեկին:
Երիտասարդներն իրենց հետևից եկող ոստիկաններին խնդրել են կնոջը կարգի հրավիրել, սակայն ոստիկաններն ասել են` «այդ կինը ձեր հետ է»: Ամեն դեպքում, միջադեպն արագ հարթվել է:
Ազատության հրապարակի մոտից երիտասարդենրին հետևել են մի քանի ոստիականական մեքենաներ և մեկ ոստիկանության գազել:
Մեքենաներից մեկի մեջ նստած է եղել ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը: