Երեկ «Օջախ» ռեստորանում կայացել է նախորդ շաբաթ ստորագրված կոալիցիոն հայտարարության առիթով հրավիրված բանկետը, որին մոտ 500 մարդ է մասնակցել` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից և ՕԵԿ-ից, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ներկա է եղել ողջ իշխանական էլիտան: Բացակայել են որոշ օլիգարխներ և ուժայիններ: Չեն մասնակցել գործարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու ԱԱԾ պետ ԳորիկՀակոբյանը: Թեև խնջույքը հատուկ թամադա է վարել, բայց Սերժ Սարգսյանն անսովոր պերճախոս է եղել: Նախ` բավական խիստ ելույթ է ունեցել և վերլուծել վերջին շրջանի կոալիցիոն հակասությունները: Ունկնդիրների կարծիքով` գնահատականները ծանր են եղել և ոմանց համար տհաճ: Ապա, երբ խնջույքն սկսվել է, մի քանի բաժակաճառ է ասել` խմելով առանձին-առանձին ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կենացը: