Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման համար ուղի են հարթել վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, և ոչ թե արտաքին ճնշումը, Hurriyet պարբերականում գրում է Եվրախորհրդարանում դեմոկրատների և սոցիալիստների քաղաքական խորհրդատու Էլդար Մամեդովը:
Նրա խոսքով` Թուրքիայում սկսել են քանդվել հին տաբուները, և առաջին անգամ 1915-ի իրադարձությունների պաշտոնական մեկնաբանությունը սկսել է փոխվել: Թուրքիայում գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել բաց խոսել իրենց հայկական արմատների մասին: Հայկական հարցը Թուրքիայի համար դարձել է ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ նաև սեփական բազմազգ և բազմամշակութային պատմության, ազգային ինքնության հետ հաշտվելու խնդիր:
Այս հարցում Բաքվի դիրքորոշման առնչությամբ Մամեդովը գրում է, որ ադրբեջանցիների կողմից ավելի խոհեմ կլիներ հրաժարվել այն ակնկալիքներից, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը երբևէ կորոշվի Ադրբեջանի շահերից ելնելով:
«Եթե Ադրբեջանը ճիշտ չգնահատեց գործընթացի` ներքին պատճառներով պայմանավորված բնույթը, թուրքերն էլ, իրենց հերթին, չկարողացան իրապես վերաբերվել ադրբեջանական մտավախությունների գնահատականին: Թուրքիան հաշվարկել էր, որ Հայաստանի հետ համաձայնության գալու դեպքում Հարավային Կովկասում կավելանան Ադրբեջանի լծակները: Եվ ենթադրվում էր, որ Բաքուն կհետևի Անկարայի նախաձեռնությանը, քանի որ ցանկացած պարագայում Ադրբեջանը չունի առավել մտերիմ դաշնակից, քան Թուրքիան է: Այս վերլուծությունը հիմնարար է հնչում, սակայն կառավարությունը` Թուրքիայի իշխող կուսակցության գլխավորությամբ, վստահ էր Ադրբեջանի վրա ազդելու իր հնարավորությունների վրա:
Թուրքիային գազ չմատակարարելու Ադրբեջանի հետագա սպառնալիքները և Ռուսաստանի հետ կարևոր գազային համաձայնագրերի ստորագրումը փորձ էր թուրքերին հասկացնելու, որ, բացի Թուրքիայի քաղաքականությանը անխոս հետևելուց, Ադրբեջանը այլ հնարավորություններ էլ ունի»,- գրում է հեղինակը: