«Ճիշտն ասած, մեզ մոտ լավատեսության հույս կար ոչ թե այն առումով, որ դատախազությունը ետ կկանգնի թխած գործից, այլ երիտասարդ դատավորի վերաբերյալ դրական բնութագրեր կային», – Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշումը:
Հիշեցնենք, որ դատարանը երեկ բավարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի դիմումը: Դատական նիստի ընթացքում Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքված մարդիկ բողոքի ակցիա էին անցկացնում` ի պաշտպանություն Տիգրան Փոստանջյանի իրավունքների:
Սաֆարյանի խոսքերով` կայացած դատն ընդամենը խափանման միջոցի հարցն էր լուծում:
«Ցավոք, դատավարությունը, ի զարմանս մեզ և միջազգային կազմակերպությունների, ապացուցեց, որ դատարանը գտնվում է նախագահականի և ԱԱԾ-ի ճնշման տակ», – հայտարարել է պատգամավորը: Ստեփան Սաֆարյանի համար նաև ակնհայտ է, որ դատարանի նպատակն ապացույցներ «սարքելն է»:
Համաձայն ՀՀ դատախազության` «Տիգրան Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով»:
Տիգրան Փոստանջյանը, ով փետրվարի 23-ին ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից, ավելի վաղ իր հայտարարության մեջ նշել էր, որ դա քաղաքական հետապնդում է` կապված իր քրոջ` Զարուհի Փոստանջյանի գործունեության հետ:
Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, հայտարարել էր, որ եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործը հաշվեհարդար է գյումրեցի և վանաձորցի վարորդների բողոքի ակցիաներին իր մասնակցության համար: Նա նշել է, որ գյումրեցի վարորդներն իրեն փոխանցել են ոստիկանների խոսքերը: Վերջիններս հանդիպել են բողոքող վարորդներին և ասել են, որ «Փոստանջյանը չի կարողանում իր եղբորը իրավունքները պաշտպանել, Ձերը ոնց ա պաշտպանելու»: