Դեռևս 2010 թվականի վերջին թուրքական Van Way Airlines ավիաընկերությունը հայտարարել էր, որ ծրագրում է չվերթներ իրականացնել Վան քաղաքից դեպի Հայաստան:
Չվերթները կիրականացվեն Վանի շրջանի գործարար Արսլան Բայրամի կողմից վարձակալած անձնական ինքնաթիռներով: Բայրամի խոսքով` չվերթների մեկնարկն ինքը կտա մոտ ապագայում: Դրանով իսկ Բայրամը մտադիր է զարգացնել Վանի և Հայաստանի գործարարների միջև առկա առևտրային հարաբերություննեը:
Hürriyet Daily News & Economic Review պարբերականի հետ զրույցի ընթացքում Բայրամը հայտնել է, որ Վան- Երևան չվերթները կնպաստեն մշակութային և տնտեսական զբոսաշրջության զարգացմանը:
«Սահմանների բացումը և խաղաղ հարաբերությունների հաստատումը առևտրային պայթյուն կառաջացնի երկու երկրներում էլ»,- ասել է նա:
«Վանը տարածքային առումով մոտ է Հայաստանին, սակայն փակ սահմանների պատճառով, փոխադրումները մայրուղիով անհնար է իրականացնել:
Արդյունքում Հայաստանի և Թուրքիայի արևելյան քաղաքների միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի տարածքով», – նշել է Բայրամը, ով նաև Վանում գործող Bayram Otel հյուրանոցի և Bestvan Tur տուրիստական գործակալությանն սեփականատերն է:
Նշենք, որ թուրքական AtlastJet և Հայաստանի «Արմավիա» ավիաընկերությունները շաբաթը երկու անգամ չվերթներ են իրականացնում Ստամբուլից Երևան և հակառակը: Ամռանը հատուկ չվերթներ են կազմակերպվում նաև Անթալիա: