Արաբական երկրներում հակակառավարական ընդվզումների շղթան տեսականորեն կարող է տեղափոխվել նաև անդրկովկասյան հանրապետություններ: «Ռես» ռուսաստանյան գործակալության հետ զրույցում այս մասին հայտարարել է տարածաշրջանային և էթնոկրոնական հետազոտությունների Կազանի կենտրոնի Կովկասի հատվածի ղեկավար Յանա Ամելինան:
Բոլոր անդրկովկասյան պետությունները, նրա խոսքով, ներքին կոնֆլիկտային մեծ ներուժ ունեն:
«Առաջինը` նրանց բնորոշ է ազգաբնակչության զանգվածային դժգոհությունը կառավարության գործողությունների նկատմամբ, երկրորդը` ժողովրդի մեջ թափանցած կոռուպցիան, երկրի հարուստ խավի և աղքատների եկամուտների ու ինքնառեալիզացման հնարավորություններում առկա հսկայական անդունդը», – ասել է փորձագետը:
Ամելինի խոսքով` այսօր առկա են այն բոլոր հանգամանքները ենթադրելու համար, որ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում հեղափոխական իրավիճակի համար անհրաժեշտ երկու նախանշաններ գոյություն ունեն, սակայն, ի տարբերություն արաբական Արևելքի երկրների, երրորդ հանգամանքն է բացակայում:
«Համաձայն հայտնի լենինյան բնորոշոման, հեղափոխական է այն իրավիճակը, երբ իշխող դասակարգն արդեն չի կարողանում աներեր պահել իր իշխանական դիրքը, իսկ ցածր խավերն այլևս չեն ցանկանում նախկինի պես ապրել: Ինչպես նաև մասսաների ակտիվության ակնհայտ բարձրացումը, ինքնուրույն հեղափոխություն իրականացնելու նրանց պատրաստակամությունը»,- պարզաբանել է վերլուծաբանը:
Նա խորհուրդ է տալիս չմոռանալ ևս մեկ կարևորի փաստի մասին` արտաքին հանգամանքի:
«Ով և երբ կքանդի բռնապետական-օլիգարխիկ փթած պատը` ենթադրություններ անել պետք չէ (գուցե, բռնապետությունը Հայաստանում ավելի քիչ է, բայց օլիգարխիկ համակարգը բավարար), նման գործընթացները շատ հաճախ տարերայնորեն են զարգանում, և ամենակարևորը, շատ արագ»,-եզրափակել է Ամելինան: