ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է պարզել «Putin Party. Վարչապետին եմ ուզում» երեկույթի հետ կապված մանրամասները, որը նախատեսվում է անցկացնել մարտի 6-ին Մոսկվայի «Ռայ» (Դրախտ) ակումբում, հաղորդում է Lenta.ru-ն:
Պեսկովի խոսքով` երեկույթի կազմակերպիչները չեն դիմել Պուտինի մամուլի ծառայություն: «Վարչապետին ցանկանալ նրանք, իհարկե, կարող են, սակայն հասկանալի չէ, թե որ վարչապետին»,- հայտարարել է նա:
Putin Party երեկույթը կազմակերպվում է կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնել են «Ռայ» ակումբի ներկայացուցիչները, միջոցառման անվանումը որոշվել է ակումբի իգական սեռի այցելուների և աշխատակցուհիների շրջանակում անցկացված հարցման արդյունքում: Ակումբի փիառ-տնօրենի խոսքով` վարչապետի անունը կանայք ամենաշատն են հիշատակել, երբ նրանց հարց է տրվել, թե ում են նրանք իդեալական տղամարդ համարում:
Երեկույթի հրավիրատոմսն իրենից ներկայացնում է քվեաթերթիկ, որի վրա գրված է` «Ցանկանում եմ…» որտեղ վարչապետ տողի դիմաց արդեն քվեարկած է: Նշվում է, որ մի քանի թեկնածուների ընտրության դեպքում քվեաթերթիկն այլևս չի գործում: Ի դեպ, Պուտինի մրցակիցների դերում հանդես են եկել դերասան Բրյուս Ուիլիսը, ռուսաստանցի ռեփեր Տիմատին, Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, և 1967 թվականին մահացած հեղափոխական Չե Գեվարան: