Home / Հայաստան / Ընդդիմությունը վերականգնում է Մարտի մեկի դեպքերի միջազգային քննության պահանջը

Ընդդիմությունը վերականգնում է Մարտի մեկի դեպքերի միջազգային քննության պահանջը

«Վստահ եղեք, այսօր ոչ ոք չի կասկածում, որ հաղթանակը շատ մոտ է», – ընդդիմության հրավիրած հանրահավաքին հայտարարել է ՀԱԿ անդամ Դավիդ Շահնազարյանը: Այս բառերից հետո հավաքվածները վանկարկում էին` «Հիմա, հիմա»:

«Երեք տարի առաջ այս օրը իշխանությունները բազմաթիվ հանցագործություններ արեցին, առնվազն 10 մարդու կյանք խլեցին: Ես ուզում եմ անդրադառնալ մարտի մեկի դեպքերին Եվրոպայի արձագանքին: Մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո, երբ մարդկանց, հալածելով, բռնի ուժով ստիպեցին, որ գնալ ֆրանսիական դեսպանատան հարակից տարածք, Եվրամիությունն իր հայտարարությամբ մտավախություն հայտնեց ուժի կիրառման վերաբերյալ:

Եվրոպան կոչ արեց ՀՀ իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից, նրանք հավաստեցին, որ կան վիրավորներ: Ինչպես նաև Եվրոպան կոչ արեց չսահմանափակել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ի հեճուկս դրան, իշխանությունները բանակային ուժեր մտցրեցին Երևան, և արդեն ուշ երեկոյան կիրառվեց հրազեն, եղան զոհեր և բազմաթիվ վիարվորներ: Մարտի 5-ին Եվրոպայի հերթական կոչում նրանք դատապարտեցին մարտի մեկի դեպքերի բռնությունները, ինչպես նաև կոչ արեցին ազատել մարտի մեկի հետևանքով բանտարկված մարդկանց, սրանից էլ բխող ոչ մի բան չարեցին ՀՀ իշխանությունները:
Եվրամիության երրորդ կոչը ևս դատապարտեց մարտի մեկի դեպքերի բռնությունները, և ՀՀ իշխանություններին կոչ արեցին մարտի մեկի վերաբերյալ անկախ քննություն սկսել: Մինչ այդ մենք արդեն պահանջել էին ոչ թե անկախ քննություն սկսել, այլ անկախ միջազգային քննություն սկսել, այսօր մենք վերականգնում ենք մեր պահանջը: Մենք պահանջում ենք մարտի մեկի դեպքերի քննություն: Ինչքան արագ անի դա Եվրոպան, այդքան լավ իր համար, որովհետև եթե ոչ այսօր, ապա վաղը, երբ Հայաստանում հաստատվի ժողովրդի իշխանություն, մենք կպարտադրենք  միջազգային հանրությանը սկսել անկախ միջազգային քննություն», – ասել է Շահնազարյանը: