Իրանական ընդդիմադիր Kaleme.com կայքը հաղորդել է, որ ընդդիմադիր գործիչներ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քյարուբին ձերբակալվել են, և այժմ գտնվում են Թեհրանի բանտում:
Ընդդիմադիր գործիչների կանայք` Զահրա Ռահնավարդը և Ֆաթեմե Քյարուբին նույնպես կալանքի տակ են գտնվում, նշում է RFE/RL-ն:
Իրանի գլխավոր դատախազ` Գուլամհոսեյն Մոհսենի Էջեյը հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի, «նա ով դեմ է օրենքին , հենց այդ օրենքի առջև էլ կկանգնի»:
Համաձայն Kaleme.com-ի «վստահելի աղբյուրների» տվյալների, ընդդիմադիր գործիչները և նրանց կանայք գտնվում են Թեհրանի Հեշմատիեհ կալանավայրում:
ԱՄՆ Սպիտակ Տան խոսնակ Ջեյ Քարնեյը որակել է Իրանի իշխանությունների քայլերը որպես «անընդունելի արարք»:
Հիշեցնենք, որ երկու ընդդիմադիր առաջնորդները տնային կալանքի տակ էին գտնվում փետրվարի 14-ից սկսած, երբ կոչ էին արել ժողովրդին դուրս գալ բողոքի ցույցի` ի պաշտպանություն Եգիպտոսի և Թունիսի հեղափոխությունների: Թեև ցույցը պաշտոնապես արգելվել էր, սակայն հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոցներ, գրանվել էին բախումներ ոստիկանության ուժերի և ցուցարարների միջև: