Home / Հայաստան / Կատամաձեն կրկին ելույթ կունենա Երևանում

Կատամաձեն կրկին ելույթ կունենա Երևանում

Մարտի 21-ին, ժամը` 19:30-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա էթնո-ջազի համաշխարհային աստղ վրացուհի Նինո Կատամաձեի և Insight խմբի համերգը: Համերգը կազմակերպվում է «Շարմ Հոլդինգի» կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նինո Կատամաձեն և Insight խումբը ներկայիս ամենահետաքրքիր, ինքնատիպ և պահանջված երաժիշտներից են: Միայն վերջին տարվա ընթացքում նրանք ունեցել են ավելի քան հարյուր համերգ Ռուսաստանի, Մերձբալթյան երկրներում, Ուկրաինայի ամենահեղինակավոր համերգասրահներում:

Հայ հանդիսատեսը արդեն առիթ ունեցել է ունկնդրել Նինո Կատամաձեի կատարումները 2008 թվականին, երբ նա համերգով ելույթ ունեցավ Հայկական ջազի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:

Մարտի 21-ի երևանյան համերգին կհնչեն հանդիսատեսին արդեն ծանոթ երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ «Red» ալբոմից: Համերգը ուղեկցվելու է կենդանի կատարմամբ: