Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 9-ին կհրապարակի Արտավազդ Առաքելյանի դատավճիռը: Արտավազդ Առաքելյանը նույն ինքը` «Տյոմ Յուժնին» է, գրում է «Առավոտ» օրաթերթը:
«Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալների գլխավոր դերակատարներից մեկի համար դատախազը միջնորդեց 4 տարվա ազատազրկում: «Տյոմ Յուժնին» հանդես եկավ վերջին խոսքով: Նա ասաց, որ զղջում է կատարվածի համար, որ ինքը երգիչ է, դերասան, որ ազատազրկման ժամանակ էլ չի դադարել ստեղծագործել, որ մտադիր է ձայնասկավառակ թողարկել: Թայբոքսինգով և պաուերլիֆտինգով պարապած Ա. Առաքելյանը իր խնամքին ունի 4 երեխա, որից 3-ը անչափահաս են: Նա ունի հիվանդ մայր: Արտավազդի հետ նույն գործով մեղադրվում են նաև «Հով էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Ամիրխանյանը, Արտակ և Արթուր Թադևոսյանները (վերջինս նույնպես «Որոգայթ» հեռուստասերիալի դերակատարներից է), բջջային հեռախոսների խանութների սեփականատեր Վահե Մաղաքյանը, գործազուրկ Գոհար Վարդանյանը: Առաքելյանն ասաց, որ իրեն մեղսագրվածի հետ` «ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով տարբեր անձանց հետ, իրավունք վերապահող կեղծված փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքների օգտագործմամբ վարկեր ստանալու նպատակով կատարել է դիտավորյալ հանցագործություններ», համաձայն չէ, նա արել է այդ ամենը` չգիտակցելով դրա հետևանքները: Որևէ դիտավորություն չի կատարել, վճարել է իր պարտքերը: Առաքելյանի ֆանատները շրջում են ամենուր` նրա լուսանկարներով և ցուցապաստառներով: