Փետրվարի 28-ին Ժողովրդական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ ասել է, որ մարտի 1-ին, ՀԱԿ–ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժումը ևս խոսք ունի ժողովրդին ասելու։ Համաձայն շարժման հաղորդագրության` ՀԱԿ–ի ղեկավարությունը նպատակահարմար չգտավ «Սարդարապատի» ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռելու։
Epress.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն վերջինս նշել է, որ ՀԱԿ-ն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս:
Շարժման ներկայացուցչի չհնչած ելույթը «Սարդարապատը» ներկայացրել է հաղորդագրության տեսքով:
«Մարտի 1-ի մասին արվել են բոլոր վերլուծությունները և տրվել են բոլոր գնահատականները: Անցած երեք տարիների ընթացքում լեգիտիմությունից զուրկ իշխանությունները այդպես էլ չցանկացան գտնել գեթ մեկ անձի, որին պատասխանատվության կանչեն տասը զոհված, տասնյակ վիրավորված և ազատազրկված քաղաքացիների համար:
Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում, երբ դեմոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով, «Սարդարապատ» շարժումը պնդել է, և շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսի և ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակի վրա:
Եթե երկու տարի առաջ այս կարգախոսը ընկալվում էր որպես ընդամենը ռոմանտիկ մարդկանց անհնարին ցանկություն, ապա այսօր, մեր շուրջը, արաբական երկրներում ծավալված աշխարհաքաղաքական տեկտոնական ընթացքների տրամաբանությունը, ակնհայտ է դարձնում, որ վաղ թե ուշ այս ալիքը հասնելու է Կովկաս, այդ թվում նաև Ադրբեջան, և անչափ կարևոր է, որ Հայաստանը օր առաջ պատրաստ լինի այդ, ժամանակային իմաստով անկանխատեսելի զարգացումներին:
Նույն արաբական երկրների փորձը լավ դաս է Հայաստանի համար, գիտակցելու, որ միայն իշխանափոխությամբ մենք չենք հասնի մեր նպատակին, այն է հասնել անշրջելի համակարգային փոփոխությունների: Հարկավոր է Հայաստանի և Սփյուռքի լավագույն դիմադրական ուժերի միատեղումը այս անցումը առավել անցնցում իրականացնելու համար:
Այս վարչակարգին պետք է «ժողովրդավարություն»` առանց ժողովրդավարների, «ազատականություն»` առանց ազատականների, «նժդեհականություն»` առանց ազգայինների, «հայկական աշխարհ» առանց ֆիզիկական Հայաստանի …մի խոսքով սնամեջ հայրենիք, որի անունն է «Երևանի խանություն»…
Մեր հայրենիքը բազմիցս է ցույց տվել անկումից հետո փյունիկի նման հարություն առնելու իր կարողությունը: Միայն մտքով հնարավոր չէ հասկանալ և ըմբռնել պահի ողջ ճակատագրականությունը: Լայն բացենք մեր սրտերի դռները` նրանց թակող 4-րդ հանրապետության առջև», – ասված է ելույթում: