Այսօր` մարտի 2-ին, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը տոնում է իր 80-րդ տարեդարձը:
Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց Միխայիլ Գորբաչյովի թողած ժառանգությունը մի փոքր կասկածելի է թվում, The Foreign Policy-ի կողմից հրապարակված իր հոդվածում գրում է Գլոբալ զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Չարլզ Քեննին:
«Գորբաչյովից հետո միայն մի բանն է անվիճելի, այն, որ նրա գործողությունների շնորհիվ աշխարհում բռնությունը քչացել է: Եթե 1961 թվականին աշխարհում միաժամանակ 5 պատերազմներ էին ընթանում, 1984-ին` 24, ապա 2008 թվականին այդ թիվը կրկին նվազել է 5-ի: Պատերազմների ընթացքում զոհվածների թիվը նույնպես ակնհայտորեն կրճատվել է: 20-րդ դարի 50-ականներին մեկ միջազգային զինված հակամարտության ընթացքում մեկ տարում մահանում էր մոտ 21 հազար մարդ, իսկ 21-րդ դարի սկզբում` 3 հազար:
Պատճառներից մեկն այն է, որ այսօր պետություններն ավելի քիչ են պատերազմում միմյանց հետ, օրինակ 19-րդ դարում գերակշռում էին գաղութատիրական պատերազմները, այժմ դրանք ընդհանրապես գոյություն չունեն: Հնարավոր է, որ մարդիկ վերջապես գիտակցել են, որ երկրի հզորությունը որոշվում է ոչ թե տարածքների մեծությամբ, այլ արդյունավետ տնտեսավարմամբ:
Բայց այս հանգամանքի համար գլխավոր խթան հանդիսացավ այն փաստը, որ «երկաթյա վարագույրի» վերացման հետ մեկտեղ դադարեցին պետական կառույցների ձևերի մասին գլոբալ գաղափարական բանավեճերը: ԽՍՀՄ փլուզումը և գերտերությունների միջև լարվածության վերացումը մեծ փոփոխությունների հանգեցրեցին մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական իրավունքների զարգացման հարցում: Ժողովրդավարական հանրապետությունները հազվադեպ են պատերազմում այլ ժողովրդավարական պետությունենրի հետ, ինչպես նաև ավելի հազվդեպ են դիմում զանգվածային սպանություններ`ի ի տարբերություն բռնապետական ռեժիմներին»,- եզրափակում է քաղաքական վերլուծաբանը: