Վերջերս հայկական ԶԼՄ-ների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հարուցվող դատական գործերի աճը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ասված է Երևանի մամուլի ակումբի, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ի այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ:
«Դատարանների կողմից այս գործերի քննությունը հաստատում է հոռետեսական կանխատեսումները, որ, առանց հաշվի առնելու առկա իրողությունները, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կդնի մի շարք պարբերականների գոյությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխություններում առկա այն վտանգը, որ կոնկրետ հոդվածի իրական հանրային արձագանքի և հասցված վնասի չափի որոշման հարցում դատարանները, առանց հրապարակվող տեղեկատվության հասարակական նշանակությունը և պատասխանողի ֆինանսական դրությունը հաշվի առնելու կամայական վճիռներ կայացնելու հնարավորություն են ստանում` օրինագծերի քննարկման ընթացքում բազմիցս մատնացույց է արվել լրագրողական հանրության ներկայացուցիչների կողմից: Այս ամենի հետեւանքով այսօր ավելի է ճնշվում առանց այն էլ սահմանափակ խոսքի ազատությունը երկրում», – ասված է հայտարարության
մեջ:
Վերջինիս հեղինակները նշում են, որ փորձը ցույց է տվել, որ ընդունված օրենսդրական փոփոխությունները, չնայած դրանց կողմնակիցների փաստարկներին, բոլորովին էլ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության պատվի ևարժանապատվության պաշտպանության միջոցներ չեն.
«Օրենքի «ուժից» բացառապես օգտվում են «այս աշխարհի ուժեղները» քաղաքական և գործարար վերնախավի ներկայացուցիչները` հաշիվներ մաքրելով իրենց համար ոչ ցանկալի ԶԼՄ-ների և լրագրողների հետ: Հետևելով համաքաղաքացիների իրավունքները ոտնահարելու և անձեռնմխելի զգալու իրենց սովորույթին` հանրային բնական հետաքրքրություն ներկայացնող այդ անձինք արհամարհում են ԶԼՄ-ների նկատմամբ հանդուրժողականության` քաղաքակիրթ աշխարհում ընդունված սկզբունքը: Իսկ դատական վերջին գործերն էլ վկայում են, որ դատարանները պատրաստ են աջակցել լրագրողների դեմ ծավալվող «խաչակրաց արշավանքին»»:
Հայտարարության հեղինակները նշում են, որ իրենք չեն պնդում, որ հայկական լրատվամիջոցներն անմեղ են և դժգոհությունների առիթ չեն տալիս:
«Այնուամենայնիվ, հաղթահարել հայրենական լրագրության թերությունները` փակելով վերջինիս բերանը (հենց այդպիսին է լինելու այսօր կիրառվող ֆինանսական ճնշման հետևանքը), նշանակում է վերջնականապես արժեզրկել լրատվամիջոցների դերը մեր հասարակության մի շարք բացասական երևույթների, առաջին հերթին` կոռուպցիայի տարբեր դրսևորումների և դրա ամենավտանագավոր ձևի` պետության զավթման դեմ պայքարում:
Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին` հնարավորինս արագ վերանայել վիրավորանքի և զրպարտության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները: Մշակել համապատասխան պարզաբանումներ` ձևակերպելով բարոյական վնասի փոխհատուցման բանական եւ հիմնավոր սահմաններ` այդպիսով ապահովելով յուրաքանչյուր գործով դրա կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու հնարավորություն:
Կոչ ենք անում դատարաններին` տուրք չտալ ազդեցիկ հայցվորների անսանձ հավակնություններին և անհագուրդ ախորժակին, ավելի շատ կիրառել օրենսդրությամբ նախատեսված` պատասխանի և հերքման հնարավորությունը:
Կոչ ենք անում ԶԼՄ-ներին` զարգացնել ինքնակարգավորման և հասարակության առջեւ հաշվետվողականության մեխանիզմները, իսկ ՀՀ քաղաքացիներին` առավել ակտիվ օգտվել այդ արտադատական մեխանիզմներից` իրենց տեղեկատվական իրավունքները պաշտպանելու համար», – նշված է հայտարարության մեջ: