ՀՀ նախագահի հրամանով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու առիթվո նրա հետ զրուցել է «Առավոտ» օրաթերթը:
– Վրաստանի հետ հարաբերություններում մենք ունենք լուրջ իրավական խնդիրներ: Մասնավորապես, այդ երկրի ազատազրկման վայրերում են գտնվում մեր հայրենակիցները: Ծանո’թ եք Վրաստանի օրենսդրությանը, և արդյոք Ձեր դեսպան նշանակվելուց հետո կայցելե’ք նաև ազատազրկման վայրեր` «թեժ կետեր»:
– Վրաստանի հետ մեր հարաբերությունները բազմաշերտ են: Դրանք վերաբերում են ոչ միայն իրավական խնդիրներին: Մեծ հաշվով, մենք ունենք երկու հիմնական խնդիր: Առաջինը դա միջպետական հարաբերությունների այնպիսի բարձր մակարդակի պահպանումն ու ամրապնդումն է, որը հնարավորություն կտա լուծելու մեր երկրների միջև ծագող տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտների կարևորագույն հարցերը: Երկրորդ, Վրաստանի հայ համայնքի արդյունավետ ինտեգրումն է երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում:
Այս խնդիրների լուծման ճանապարհին դեսպանը պարտավոր է իրականացնել բոլոր հնարավոր գործողությունները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի սկզբունքներին և դեսպանընկալ պետության օրենքին:
– Ի’նչ կորկրետ խնդիրներ են դրված Ձեր առջև` որպես Վրաստանում ՀՀ դեսպան: Մեկնելուց առաջ հանդիպե’լ եք հանրապետության նախագահին:
– Հայ-վրացական հարաբերություններն իրենց բնույթով և ներկա մակարդակով արտացոլում են երկկողմ և տարածաշրջանային գործընթացների ողջ տրամաբանությունը: Դրանք այսօր բավականին բարձր մակարդակի վրա են: Բավական է նայել միայն իրավապայմանագրային դաշտին և երկրների ղեկավարների փոխայցելությունների հաճախակիությանը:
Բարձր մակարդակով արված հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան հարցեր, որոնք անհնար է լուծել բանակցությունների միջոցով, խոսում է վստահության բարձր մակարդակի և փոխադարձ տարածաշրջանային դերակատարությունը կարևորելու մասին:
Սա հնարավոր դարձավ, մասնավորապես, վերջին տարիներին Հայաստանի զուսպ և հավասարակշիռ արտաքին քաղաքականության շնորհիվ, հատկապես Վրաստանի ուղղությամբ:
Չի կարելի, սակայն, ասել, որ մենք չունենք մեր հարևանի հետ լուծման ենթակա հարցեր: Երկու երկրների սահմանանշման հարցերը, հայ համայնքի կրթական, մշակութային և հոգևոր ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ պետք է լինեն մեր դիվանագիտության առաջնահերություններից: