Փետրվարին եղանակը բոլոր առումներով բարենպաստ էր, այդ թվում` գյուղատնտեսության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Հայպետհիդրոմետի» օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Խոսելով գալիք օրերի ընթացքում սպասվող եղանակի մասին` Պետրոսյանը նշել է, որ Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը նվազագույնը 0-ից -2, առավելագույնը +10 կլինի:
«Այսօր գիշերը կգրանցվի 2 աստիճան զրոյից ցածր: Իսկ առաջիկա երեք գիշերներին նվազագույն ջերամստիճանը կլինի -4-ից -6 աստիճան, իսկ ցերեկը` առավելագույնը +10+11 աստիճան: Մարտի 6-ի, 7-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով: Ամսի 18-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +10 – +14-ի, իսկ Սյունիքի հովիտներում` +15-ի: Մարտի 8-ին կլինի ամպամած եղանակ, չի բացառվում մանրամաղ անձրև»,- ասել է Զարուհի Պետրոսյանը:
Զարուհի Պետրոսյանն ասել է, որ իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին տաս տարիներին մարտի 8-ին լուրջ տեղումներ չեն եղել: Նա տեղեկացրել է, որ ամենացուրտ մարտի 8-ը եղել է 1985 թվականին` 18 աստիճան զրոյից ցածր:
Զարուհի Պետրոսյանը նաև ասել է, որ Արարատյան դաշտում եղանակի առումով արդեն լիարժեք գարուն է եկել, Գյումրիում գարունը կգա մարտի կեսերին, իսկ լեռնային շրջաններում մարտի վերջին: