ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հոհվաննես Թամամյանի և ոստիկանության` Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազության կայքն այսօր մեջբերում է միջնորդագրի տեքստը էական կրճատումներով.
«ՀՀ քր.օր-ի 104-րդ, 235-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 12-ին Երևանի Կոմիտասի պողոտայում Արսեն Ահարոնյանի, Պետրոս Գրիգորյանի և չպարզված անձանց հետ Խաչիկ Մկրտչյանի, Հայկ Սանդալջյանի, Արթուր Փոխարյանի ու Նարեկ Օհանջանյանի խուլիգանական գործողությունների ընթացքում նախ Խաչիկ Մկրտչյանի կողմից Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային վնասվածքներ պատճառելու, այնուհետև Արսեն Ահարոնյանի կողմից հրազենի գործադրմամբ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված ու ներկայումս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Խաչիկ Մկրտչյանի սպանությունն իրականում կատարած Երևանի Նիկոլ Դումանի փողոցի 40-րդ տան բնակիչ Վռամ Սամվելի Բաղդասարյանն այդ գործով կանչվել է ընդամենը որպես վկա, դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից:
Լրացուցիչ քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու, մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև` խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար Վ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածների 4-րդ մասերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:
(Այնուհետև միջնորդագրում ներկայացվում են փաստեր` ոստիկանության` Արաբկիրի բաժնի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատանքում տեղ գտած թերությունների, բացթողումների, կեղծիքների, աղավաղումների մասին:)
Այսպիսով` Հովհաննես Թամամյանը և Վարազդատ Ադամյանը, իրենց պաշտոնեական պարտականություններից բխող անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել է քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների խեղաթյուրմանը, կեղծմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների աղավաղմանը:
Բացի այդ` նկատի ունենալով, որ Հ.Թամամյանը և Վ.Ադամյանը, իրենց զբաղեցրած պաշտոններին մնալով, կարող են խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացմանը` ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածների կարգով միջնորդել է ՀՀ ոստիկանության պետին` քննարկել ներկայացված միջնորդագրում արծարծված հարցերը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` ՀՀ ոստիկանության համակարգում թույլ տրված վերոհիշյալ և նմանօրինակ խախտումները կանխելու, այդպիսիք վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև` լուծել այդ խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց, մասնավորապես` ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության պետ Հովհաննես Թամամյանի և ոստիկանության` Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը»: Այս մասին հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան` Թամամյանի հեռացումից հետո, նրա մայրը` Ղուկաս Թամամյանը, մահացել է: