Ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացման քայլեր ձեռնարկելու համար ոչ մի ներքին պատճառներ չկան: Vesti.Az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Սանկտ-Պետերբուրգի Պետական Համալսարանի լրագրության ֆակուլտետի պրոֆեսոր Դմիտրի Գավրան:
«Միաժամանակ պետք է հաշվի առնել արտաքին գործոնները: Այսօր դրանք արաբական երկրներում ծավալվող իրադարձություններն են: Ընդամենը կես տարի առաջ ոչ մի փարձագետ չէր կարող կանխատեսել այն, ինչ տեղի է ունենում հիմա: Ոչ ոք նման իրադարձություններ չէր կարող կանխատեսել ոչ Եգիպտոսի, և ոչ էլ, առավել ևս, Լիբիայի համար:
Այս երկրների ժողովուրդները իրենց գոյության և ճակատագրի հետ կապված բացարձակ անարդարության զգացում ունեն: Ղարաբաղի չլուծված հարցում փախստականների խնդիր գոյություն ունի, այդ մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում վերադառնալ սեփական բնակավայրեր: Բնականաբար, սա հավելյալ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում:
Այո, Ադրբեջանը աշխարհիկ պետություն է: Ադրբեջանում իշխանությունների և ժողովրդի համաձայնությունը բարձր մակարդակի վրա է: Սակայն փախստականների խնդիրը և դժգոհության լարված մթնոլորտը կարելի է վերացնել միայն իրենց հողերը վերադարձնելու ճանապարհով: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագացված լուծման մեջ պետք է շահագրգռված լինեն տարածաշրջանային բոլոր պետությունները և ոչ թե միայն Ադրբեջանը: Թե Հայաստանը, թե Ռուսաստանը պետք է դառնան Ադրբեջանի օգնականները այս հարցի լուծման համար: Կայունության զգացումը պետք է պահպանվի»,- ասել է փորձագետը:
Այն հարցին, թե արդյոք արաբական երկրներում ծավալվող իրադարձությունները կարող են հասնել Հայաստան` Գավրան պատասխանել է, որ առանձնապես նախադրյալներ չկան դրա համար: «Հենց որ իրադարձությունների նմանատիպ զարգացումը մի փոքր տեսանելի դառնա, և հայկական պետությունը հայտնվի փլուզման եզրին, բոլոր տարաձայնությունները մի կողմ թողնելով, երկրի առաջնորդները կկարողանան համախմբել ազգը արտաքին գործոնների դեմ պայքարի կարգախոսի ներքո` ես նկատի ունեմ Ղարաբաղի գործոնը, կամ հայերի Ցեղասպանության հարցը»,- եզրափակել է պրոֆեսորը: