«Այսօր Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հեղափոխությունը, որը տեղի ունեցավ տարբեր երկրներում, թակել է նաև ՀՀ իշխանությունների դուռը: Թող նրանք քաջ գիտակցեն, թե ինչին է տանում իրենց կողմից որդեգրած քաղաքականությունը, թող գիտակցեն, որ գնալով ՀՀ բնակչությունը և օր օրի աղքատացող ժողովուրդը ինչ ըմբոստություն կարող է դրսևորել, թող գիտակցեն… բայց չեն գիտակցում», – լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան, ով աջակցում է բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին:
Ավելի վաղ մենք արդեն հայտնել էինք, որ ակցիայի ընթացքում ոստիկանները կոպտորեն հրում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին, ինչպես նաև ակցիայի մասնակիցներին: Ոստիկանները նաև ուժեղ հարվածում էին պատգամավորներին, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանին, գործը հասնում էր անգամ ոտքով և բռունցքով հարվածների: Այդ ընթացքում Անահիտ Բախշյանը իրեն վատ է զգացել, սկսել է լացել, մարդիկ շտապ օգնության մեքենա են կանչել և պատգամավորին տեղափոխել են մեքենայի մեջ:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մի կին հարց էր ուղղում, թե որտեղ է Հեղինե Բիշարյանը:
«Մենակ նստում ու ելույթ են տալիս հեռուստատեսությամբ», – ասել է նա:
Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ է եկել Օմբուդեսմենի գրասենյակի ներկայացուցիչը, ում ներկաները պատմել են տեղի ունեցածի մասին, և պահանջել փոխանցել իրենց խոսքերը նորընտիր ՄԻ պաշտպանին: