Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը քննարկել է Սևանի հիմնահարցերը

Սերժ Սարգսյանը քննարկել է Սևանի հիմնահարցերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ:

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթների և Հանրապետության ղեկավարի հանձնարարականների շրջանակում 2010թ. իրականացված աշխատանքներն ու  2011թ. ծրագրերը:

2010թ. նախանշված միջոցառումները, Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, իրականացվել են լիարժեքորեն և սահմանված ժամկետներում: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև լճի հետ կապված մի շարք հիմնախնդիրների, որոնք այսօր էլ արդիական են:

Ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նախագահը նշել է, որ թեպետ հանձնաժողովն իր գործունեության գրեթե երկու տարիների ընթացքում զգալի աշխատանք է իրականացրել` եղել են հանձնաժողովի բազմաթիվ նիստեր, կարևորագույն մի շարք հարցերի շուրջ մասնագիտական քննարկումներ, այդ հարցերի հիմնական մասն առաջարկությունների տեսքով ներկայացվել է Կառավարություն, և դրանց հիման վրա ընդունվել  են Կառավարության որոշումներ, այդուհանդերձ, խնդիրների լուծման տեմպերը դեռևս բավարար չեն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կատարված աշխատանքը և որոշակի առաջընթացը մասնագետներից բացի, պետք է տեսանելի լինեն նաև Սևան այցելող ցանկացած մարդու համար, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: