Այսօր Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ գրող, լրագրող Գայանե Բաբայանի հիշատակին նվիրված երեկո և նրա բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Բաբայանն անժամանակ մահացել էր վրաերթի հետևանքով 2010 թվականի ապրիլի 5-ին: Այսօր Գայանե Բաբայանի ծննդյան օրն է:
Epress.am-ի հետ զրույցում Գայանե Բաբյանի քրոջ որդին` Համբարձում Համբարձումյանն պատմել է, որ գրողի առաջին բանաստեղծությունների ժողովածուն կոչվել է «Մենապար», այն հրատարակվել է 2001թվականին:
Խոսելով նոր ժողովածուի մասին՝ Համբարձումյանը նշել է, որ Բաբայանի ընկերները փորձել են տարբեր տետրերից հավաքել բանաստեղծությունները:
«Մենք ներառել ենք բոլորը, փորձել ենք մաքսիմալ չխմբագրել: Նրա անտիպ բանստեղծությունների ժողովածուն տպագրելու հարցում օգնել են Աղվան Վարդանյանը, Առաքել Սեմիրջյանը, Վան Արյանը, որի հրատարակչությունում էլ տպագրվել է, այսինքն` ընկերներով նախաձեռնություն էր»,- ասել է Համբարձումյանը:
Վերջինս նշել է, որ հաջորդ տարիներին այս օրը փորձելու են արդեն այլ ժողովածուներ ներակայացնել` արձակ, պատմվածքներ, հոդվածներ: Գայանե Բաբայանի հիշատակին նվիրված երեկոյի ժամանակ գրադարանի ցուցասրահներից մեկում ցուցադրվեց փոքրիկ ֆիլմ` նվիրված գրող-լրագրողին: Ֆիլմում Գայանեն խոսում է Հայաստանի կյանքի մասին, կարդում է իր բանաստեղծություններն ու մեկնաբանում դրանք: Հիշատակի երեկոյին մասնակցում էին բազմաթիվ լրագրողներ, գրողներ և արվեստագետներ, որոնք ֆիլմը դիտելուց հետո պատմում էին Գայանե Բաբյանի հետ մասին իրենց հուշերը: