Մարտի 5-ին հայտնի դարձավ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող երգը: Ժյուրիի կողմից նախապես ընտրված 4 երգերից հաղթող է ճանաչվել «Բում-բում»-ը, որը հեղինակել է հայկական Apricota խումբը:
Հաղթող երգը ընտրվել է մասնագիտական ժյուրիի և մարդկանց sms-քվեարկությամբ` 50/50 հարաբերակցությամբ: Հաղթող ճանաչված երգի անվամբ ծրարը բեմ բարձրացրեց մանկական «Եվրատեսիլ-2010» մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանը: Նշենք, որ համերգին ներկա էր նաև ռուսաստանցի` հայկական ծագում ունեցող երգիչ Ավրաամ Ռուսսոն: Վերջինս էլ բացեց ծրարն ու հայտարարեց հաղթող երգի անունը:
Երգչուհի Էմմին նշեց, որ իր ելույթը նվիրում է հոր` հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակին, ով վերջերս վաղաժամ հեռացավ կյանքից:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհուն ընտրել են առանց մրցույթ անցկացնելու:
Էմմին առաջին անգամ ելույթ կունենա մայիսի 10-ին՝ «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակիչում: Երգչուհու մրցակիցները կլինեն Ալբանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Վրաստանը, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Շվեյցարիան, Թուրքիան, Խորվաթիան, Ադրբեջանը, Հունաստանը, Հունգարիան, Լիտվան, Իսլանդիան, Սան Մարինոն և Պորտուգալիան ներկայացնող կատարողները: