Ճապոնիայի արտգործնախարար Սեյձի Մայեհարան հրաժարական է տվել, հաղորդում է Associated Press-ը:
48-ամյա պաշտոնյան այս մասին հայտարարել է մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մայեհարան հրաժարական է տվել նրանից հետո, երբ հայտնաբերվել է, որ իր քաղաքական աջակցության հիմնադրամը դրամաշնորհներ է ստացել այլ երկրի քաղաքացու կողմից: Համաձայն ճապոնական օրենսդրության` քաղաքական հիմնադրամներին արգելվում է նվիրատվություն ընդունել արտասհմանցիներից, անգամ եթե վերջիններս ծնվել են Ճապոնիայում:
ԱԳՆ ղեկավարը խոստովանել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում իր հիմնադրամը 3 հազար դոլար է ստացել 72-ամյա կորեուհուց, ով կյանքի մեծ մասն անցկացրել է Ճապոնիայում, սակայն ներկայումս չի համարվում երկրի քաղաքացի: Մայեհարայի խոսքով` իրենք մանկության ընկերներ են եղել:
Սեյձի Մայեհարան ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր վերջին մեկուկես տարիների ընթացքում և համարվում էր Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանի ամենահավանական հետնորդը: