Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերը շաբաթ և կիրակի օրերին շարունակել են հարձակումները ընդդիմադիր ուժերի վրա: Վերջիններս վերահսկում են մի քանի քաղաքներ` երկրի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան հատվածներում: Քադաֆիին սատարող զինվորականները հարձակումներ են գործել Միսուրատայի, Ռաս Լինուֆի, Բեն Ջավադի և Տոբրուկի վրա: Չնայած կառավարական զորքերն օգտագործել են ավիացիա և ծանր հերտանի, նրանց չի հարջողվել մտնել քաղաք:
Ապստամբներին հաջողվել է զինվորականներին դուրս մղել նաև Ալ Զավիյահի կենտրոնից, որը Քադաֆիի կողմնակիցները գրավել էին շաբաթ օրը:
Կիրակի Մուամար Քադաֆին կարճ ընթացքում երևացել է պետական հեռուստատեսությամբ` մայրաքաղաք Տրիպոլիի Կանաչ հրապարակում իր կողմնակիցներով շրջապատված, սակայն այդ պատկերը շատ արագ փոփվել է, և նրա խոսքը չի ցուցադրվել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալության լրագրողը, իր հետ զրույցում Կանաչ հրապարակում հավաքվածներից շատերն ասել են, որ իրենք զինվորականներ են քաղաքացիական հագուստով:
Հակակառավարական ուժերի և Քադաֆիի աջակիցների բախումները շարունակվել են նաև Տրիպոլիում, հաղորդում են արևմտյան լրատավական գործակալությունները: Չնայած այդ փաստին, Լիբիայի կառավարության խոսնակ Մուսա Իբրահիմն ասել է Reuters-ի թղթակցին, որ մայրաքաղաքում լսվող կրակոցներն իրականացվում են ի նշան հաղթանակի:
«Ես հավաստիացնում եմ, հավաստիացնում եմ, հավաստիացնում եմ, հավաստիացնում եմ ձեզ Տրիպոլիում ոչմի կրակոց չկա: Քաղաքը 100 տոկոսով վերահսկվում է», – ասել է Իբրահիմը` «հավաստիացնել» բայը կրկնելով չորս անգամ:
Շաբաթ և կիրակի օրերի ընթացքում զոհվածների թվի մասին հստակ տեղեկություններ չի հաղորդվում, թեև ակնհայտ է, որ Քադաֆիի կողմից հրահրված քաղաքացիական պատերազմի արդյունքում ամեն օր տասնյակ մարդիկ են զոհվում: