«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» ՔԿՀ-ում հերթական հոդվածն է հեղինակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հայաստանում սոցիալական բունտ իսկապես հնարավոր չէ: Բայց ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում սոցիալական բունտ իսկապես հնարավոր չէ, այլ որովհետև Հայաստանում կա Հայ Ազգային Կոնգրեսի նման քաղաքական ուժ:
Սա բառախաղ չէ, այլ հստակ քաղաքական տարանջատում, որովհետև սոցիալական դժգոհություն ունեցող քաղաքացին առանց Կոնգրեսի պիտի պահանջի մեկ պարկ ալյուր, իսկ Կոնգրեսի առաջնորդությամբ քաղաքական-սոցիալական-տնտեսական այնպիսի մեխանիզմների ձևավորում և պայմանների ստեղծում, որ իրեն, այսինքն` քաղաքացուն հնրավորություն կտա դժվարություններ չունենալ իրեն անհրաժեշտ մեկ պարկ ալյուրը պարբերաբար ձեռք բերելու հարցում: Եվ այդ պայմանները պետք է առկա լինեն ընդմիշտ:
Պալատական վերլուծաբանները, ի դեպ, երբեմն այնպիսի արգահատանքով են խոսում սոցիալական ընդվզման մասին, որ նրանց լսելիս հասկանում ես, որ այդ մարդիկ Հայաստանի Սահմանադրությունը չեն կարդացել: Իսկ Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայաստանը ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն է: Ըստ այդմ` սոցիալական ընդվզումը մեր երկրում նույնքան սահմանադրական է, որքան ընդվզումը խոսքի ազատության, օրինականության, արդարադատության թեմաներով: Սոցիալական ընդվզումը քաղաքական է նույնքան, որքան ընդվզումը արտաքին քաղաքականության որևէ թեմայով: Սոցիալական ընդվզումը նսեմացնելու փաստարկն այն է, որ այս դեպքում խոսում են սովից մթագնած զանգվածները: Բա այ տավար իշխանություն, քո կառավարած երկրում ինչո՞ւ պիտի սովից մթագնած զանգվածներ լինեն. չէ՞ որ քո հիմնական առաքելությունը քո քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելն է: Ու եթե քո ղեկավարած երկրում սովից մթագնած զանգվածներ կան, նշանակում է` դու, որպես իշխանություն, չես կարողանում իրականացնել քո առաքելություններից պրիմիտիվագույնը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը իսկապես անտաղանդ կավեէնշչիկի էր նման, երբ ասում էր, թե բա` կարող ա՞ պետությունը հանդուրժի, որ քաղաքացին հարկ չի վճարում` տվյալ դեպքում ներմուծված վրացական համարանիշներով ավտոմեքենաների համար: Կարող ա՞, ասում է, պետությունը հանդուրժի, որ քաղաքացին օրենքը չի կատարում և խուսափում է հարկերից: Էս` կարեկցանքի արժանի ինտելեկտուալ դեմքով մարդը չի հասկանում, որ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների տերերից կոպեկ անգամ պահանջելու իրավունք չունի, քանի դեռ մինչև վերջին կոպեկը չի ստացել այն հարկերը, որ օլիգարխները պարտավոր են վճարել, բայց չեն վճարում երկար տարիներ:
Հիշո՞ւմ եք, թե իր վարչապետության նախկին երկու հունվարներին Սարգսյան Տիգրանը ինչպես էր հոխորտում, թե հեսա խոշոր բիզնեսը բերելու է հարկային դաշտ: Իսկ իր վերջին հայտնի հարցազրույցում բառ անգամ չասաց, թե որքան չվճարված հարկ է գանձել խոշոր բիզնեսից: Որովհետև չի արել, և բոլորս գիտեինք, որ չի անելու: Որովհետև ավազակապետական ցանկացած կառավարություն մի առաքելություն ունի. ոչնչացնել մանր ու միջին բիզնեսը և տեղ բացել օլիգարխների համար: Ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը շատ կոնկրետ խնդիր է լուծում. ապագա խորհրդարանում Կարամելի Հարութի, Շիշ Մելոյի, Պիվա Հակոբի, Ալրաղացի Լյովիկի կողքին ունենալ` Կանաչի Եփրեմ, Սեմուշկա Վալոդ, Լիմոն Վաչո անունով օլիգարխ պատգամավորներ: Նաև` Չեբուրեկի Անդո, Պեռաշկի Վազգեն, Փուչիկ Գագո, Գանդոն… Չէ, սրանից հիմա էլ տոննայով առկա է ԱԺ-ում: