Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը Երևանում մարտի 9-12-ը կազմակերպում է «Կինոն և հասարակությունը» ծրագիրը, որը դիտարկում է Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ վավերագրական կինոն կարող է նպաստել բարդ և կարևոր հասարակական խնդիրների ընկալմանը:
«Կինոն և հասարակությունը» ծրագրի շրջանակում հեռարձակման, կապի և միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը կանցկացնի վարպետության դաս Երևանում (մարտի 12-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում), սեմինարներ Վանաձորում (մարտի 9-ին Վանաձորի քաղաքապետարանում) և Կապանում (մարտի 11-ին Կապանի քաղաքապետարանում), իսկ մարտի 10-ին` աշխատաժողով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:
Աշխատաժողովի ընթացքում կինոգործիչները կքննարկեն հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների միջև համագործակցության նոր մոդելներ: Կներկայացվեն մի շարք թեմատիկ հետազոտություններ, որոնք կներկայացնեն վավերագրական կինոն որպես արդյունավետ քարոզարշավային միջոց: Աշխատաժողովի ընթացքում կդիտարկվեն գործընկեր կազմակերպությունների հայնտաբերման և համագործակցության հնարավորությունները: Կինոգործիչները կքննարկեն նաև նոր տեխնոլոգիաների ազդեցությունը կինոյի կիրառման վրա, հայտնում են կազմակերպիչները:
Սառա Ռոսն աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում և Channel 4 BRITDOC Foundation-ում: Իբրև Channel 4 BRITDOC-ի London Good Pitch-ի կապերի ընդլայնման գծով տնօրեն` Սառան միավորել է կինոգործիչների և ավելի քան 100 առաջատար հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բարերարների ու ԶԼՄ-ների հրատապ հասարակական խնդիրների շուրջ` ստեղծելով միավորումներ ու քարոզարշավի ծրագրեր: Amnesty International UK-ում աշխատելու ընթացքում հանդես է եկել որպես այդ կազմակերպության ամենամյա ԶԼՄ-ների մրցանակաբաշխության պրոդյուսեր: