ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ այսօր կայացած հանդիպումից հետո նշել է, որ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ զրույցը բովանդակալից ու արդյունավետ ստացվեց:
«Մենք համակարծիք ենք, որ Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի և երկուստեք հայտարարեցինք մեր նպատակադրվածությունը լիարժեքորեն օգտագործելու առկա բարենպաստ նախադրյալները, այդ թվում` երկկողմ իրավապայմանագրային լայն դաշտի առկայությունն ու Երևան-Ռիգա կանոնավոր չվերթի առկայությունը», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ հայ-լատվիական համագործակցությունը Հայաստանը դիտում է նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության համատեքստում:
“Գործընկերոջս հետ համակարծիք էինք, որ Արևելյան գործընկերությունը նոր հեռանկարներ է ստեղծում և որակական այլ հարթություն է տեղափոխում Եվրամիության և անդամ երկրների հետ մեր համագործակցությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լատվիան Արևելյան գործընկերության ջատագովներից է և հարուստ փորձ ունի եվրաինտեգրման բնագավառում՝ պայմանավորվեցինք այս ուղղությամբ ևս ակտիվացնել մեր գործակցությունը: Այսօր մենք հերթական քայլն արեցինք այդ ուղղությամբ` ստորագրելով փաստաթուղթ երկու արտգործնախարարությունների միջև եվրաինտեգրման բնագավառում համագործակցության վերաբերյալ», – ասել է ՀՀ նախագահը:
Սարգսյանի խոսքով` հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները նշել են նաև մշակութային կապերի և մարդկային շփումների ընդլայնման և այս ոլորտում լավագույն ավանդույթների պահպանման կարևորությունը։
«Այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Լատվիայի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար: Օգտվելով առիթից սրտանց ուզում եմ հրավիրել Լատվիայի քաղաքացիներին այցելել Հայաստան: Վստահեցնում եմ, որ դա կլինի հետաքրքիր և վառ տպավորություններով լի հանգիստ: Հայաստանը շատ գեղեցիկ է, հարուստ պատմական ժառանգություն ունեցող մեր երկիրն ունի նաև ժամանցի կազմակերպման անընդհատ զարգացող ենթակառուցվածք: Ուղիղ ավիաչվերթի առկայության և Հայաստանի ճկուն վիզային համակարգի պայմաններում մեր երկրի ուղղությամբ ճանապարհորդության կազմակերպումը բավականին դյուրին է», -ասել է Սերժ Սարգսյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը նաև պատմել է, որ իր լատվիացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները։
«Վերահաստատեցի հայկական կողմի դիրքորոշումը. մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով խաղաղ կարգավորելու հանձնառությանը։ Մտքեր փոխանակեցինք նաև Թուրքիայի կողմից ներկայումս սառեցված հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ», – նշել է Սերժ Սարգսյանը: