Մարտի 11-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԱԱԾ շենքի հարակից տարածքում տեղի կունենա բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի և ընդդեմ ԱԱԾ-ի, հայտնում է Ազատությունների պաշտպանության հասարակական նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 25-ին բավարարել էր Տիգրան Փոստանջյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ դիմումը:
Համաձայն ՀՀ դատախազության` «Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով»:
Տիգրան Փոստանջյանը, ով փետրվարի 23-ին ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից, ավելի վաղ իր հայտարարության մեջ նշել էր, որ դա քաղաքական հետապնդում է` կապված իր քրոջ` Զարուհի Փոստանջյանի գործունեության հետ:
Փետրվարի 25-ին դատական գործի քննման ժամանակ դատարանի շենքի առջև անցկացվել էր ակցիա` ի պաշտպանություն Տիգրանի, որին, բացի Զարուհի Փոստանջյանից և «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանից, մասնակցում էին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը և Տիգրան Խզմալյանը, ինչպես նաև Երևանում վերջին շրջանում անցկացվող տարբեր սոցիալալական ակցիաների մի քանի տասնյակ մասնակիցներ:
Դատարանի առջև հավաքվածներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված են մի շարք կարգախոսներ` «Չեք վախեցնի», «Մենք բոլորս Տիգրան ենք», «37 թիվը չի կրկնվի», «Տիգրան Փոստանջյանը վրեժխնդրության զոհ է»: