Արդեն մի քանի օր է` Ադրբեջանում բազմաթիվ երիտասարդ ակտիվիստների բերման են ենթարկում Բաքվի տարբեր ոստիկանատներ: Մասնավորապես, տեղի իրավապահ մարմինները ձերբակալում են Facebook սոցիալական ցանցում առավել ակտիվ մասնկցություն ցուցաբերած երիտասարդներին, որոնք պատրաստվում են մարտի 11-ին հակակառավարական բողոքի ակցիայի մասնակցել: Ակտիվիստներն իրենց համակիրներին հավաքում են Facebook-ում բացած էջի միջոցով:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես զգուշացրել է մարտի 11-ին հակակառավարական բողոքի ակցիայի կազմակերպիչներին՝ նշելով, որ «ցանկացած վայրում նման անօրինական միջոցառումները վճռականորեն ցրվելու են»:
Ինչպես հաղորդում է «Ազադլիղ» ռադիոկայանը, «Մուսավաթ» կուսակցությունը փորձել է դիմել Բաքվի համապատասխան մարմիններ` թույլտվություն ստանալու մարտի 12-ին հանրահավաք անցկացնելու համար, սակայն պաշտոնատար անձինք չեն վերցնել դիմումը` պատճառաբանելով, որ աշխատանքային օրն ավարտված է:
Նշենք, որ ստեղծված իրավիճակում ակտիվացել են նաև Ադրբեջանի իսլամական շարժումները: Մասնավորապես, Իսլամական կուսակցությունը մարտի 8-ին հայտարարել է, որ պատրաստվում է պաշտոնապես դիմել բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ՝ պահանջելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում, «իսլամաֆոբիայի» վերացում և իր կուսակիցների անհապաղ ազատ արձակում, ովքեր ձերբակալվել են հունվարին:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին ձերբակալվել և 1 ասմվա նախնական ազատազրկման էր դատապարտվել Բախթիյար Հաջիևը, ով Հարվարդի համալսարանի ուսանող է եղել, և 2010 թվականին վերադարձել է Ադրբեջան` մասնակցելու Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին` առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու: Նրան անմարդկայնորեն ծեծի են ենթարկել ոստիկանատանը և բանտարկել: Նշենք, որ www.petitionsite.com կայքում նրա համար կազմակերպվել է ստորագրահավաք, որին մինչ այժմ միացել է 212 մարդ:
Մարտի 7-ին Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ուսանող Մեհման Հուսեյնովին են բերման ենթարկել Բաքվի Նարիմանովի ոստիկանական բաժին:
Մարտի 8-ին Բաքվի ոստիկանությունը ձերբակալել է ևս 2 երիտասարդ ակտիվիստների` Սաղավան Սոլթանլիին, ով «Մուսավաթ» կուսակցության երիտթևի ներկայացուցիչ է, և Ռաշադաթ Ախունդովին` NIDA երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ:
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մարտի 7-ին հայտարարություն էր տարածել` մտահոգություն հայտնելով մարտի 4-ին Մեհման Հուսեյնովի ձերբակալության վերաբերյալ: