Ջավախահայերն ահազանգում են, որ Ջավախքում մուսուլմանացման վտանգ կա: Պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանն ու փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը` Ջավախքից, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են այդ խնդրի մասին:
Նրանց խոսքով` մուսուլմանների ավելացումը Ջավախքում լուրջ մարտահրավերի առաջ է կանգնեցնում նաև Հայաստանին: Ըստ Վահե Սարգսյանի` լուրջ մտահոգության առիթ է նաև Կարծախի մաքսատան բացումը, որի հետևանքով, փորձագետի խոսքով, թուրքական ներթափանցման ալիքն ավելանալու է, ինչը վտանագավոր է Ջավախքի համար:
Այսօր Ջավախքում զարգանում են ադրբեջանական և թուրքական առևտրային ներդրումները, և «խաղաղ թվացող այս խաղերից» Հայաստանի դուրս մնալը փորձագետները ևս վտանագավոր են համարում:
Ժամանակն է, որ ՀՀ ղեկավարությունը, հաշվի առնելով այդ մտահոգությունները, «դուրս գա տարածաշրջանային խաղի մեջ, որն ամբողջ աշխարհը և հատկապես մեր երկու թշնամական տրամադրված հարևանները իրականացնում են», ասել է Վահե Սարգսյանը:
Փորձագետները նաև մտահոգված են, որ հայ ձեռնարկատերերը Ջավախքում գրեթե ներկայացված չեն. այնտեղ գործում է միայն Գյումրիի գարեջրի գործարանի մասնաճյուղը:
«Ներդրումներ չկատարելու համար նախ ցանկության պակասն է: Եթե Բաղրամյան 26-ից զանգեն, ասեն` գնա Ջավախք ներդրումներ արա կամ Վրաստանի քո ներդրումների մի մասը ուղղի Ջավախք, գործարարը հազիվ թե այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի»,- եզրափակել է Սարգսյանը: