Home / Հայաստան / Եվս մեկ երկրաշարժ Ճապոնիայում. զոհերի թիվը կարող է գերազանցել 1000-ը

Եվս մեկ երկրաշարժ Ճապոնիայում. զոհերի թիվը կարող է գերազանցել 1000-ը

Մարտի 11-ի երեկոյան 6,6 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևմտյան ափին գտնվող Նիգիտա նահանգում: Նիգիտան գտնվում է Միյագա նահանգի հակառակ կողմում, որտեղ ավելի վաղ ավերիչ երկրաշարժեր էին գրանցվել` դրանց հետևող ցունամիներով:

Հիշեցնենք, որ երկրաշարժի և դրան հետևած ցունամիի զոհ է դարձել մոտ 1000 մարդ, ևս 531-ը անհայտ կորածների ցուցակում են, հաղորդում է ճապոնական ոստիկանությունը: Չի բացառվում, որ տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը կարող է հազարից անցնել: Ճապոնիայի ուժային կառույցների աղբյուրները տեղեկացրել են, որ առավել տուժած նահանգներից մեկում` Ֆուկուսիմայում, 1,8 հազար բնակելի շինություններ են ավերվել:

Ֆուկուսիմայում քանդվել է նաև ջրային ամբարտակը: «Սանկեյ սինբուն» պարբերականի էլեկտրոնային տարբերակի փոխանցմամբ` ամբարտակի ավերումից հետո ջուրը լցվել է Սուկագավա քաղաքի փողոցներ` ճանապարհին քանդելով տներ:

Ուշադրության կենտրոնում է գտնվում ճապոնական ԱԷԿ-ը: ԱԷԿ-ում ճնշման նվազեցման համար Ֆուկուսիմայում որոշվել է ռադիոակտիվ գոլորշի բաց թողնել, հաղորդում է «Տեպկո» ընկերության ղեկավարությունը: Այս հանգամանքով պայմանավորված` Ճապոնիայի արդյունաբերության նախարար Բանրի Կայեդան հայտարարել է մի փոքր ճառագայթման արտահոսքի մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱԷԿ-ում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել երկրաշարժի պատճառով սկսված խնդիրների հետևանքով: