Ներկայացնում ենք ArmFootball.com կայքի՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ բացառիկ հարցազրույցից հատվածներ:
– Վարդան, մրցաշարային տեսանկյունից Հայաստանի հավաքականի գործերը վատ չեն ընթանում` մրցաշարային աղյուսակում երրորդ հորիզոնականն ենք զբաղեցնում և առաջատարին` Ռուսաստանի հավաքականին, ընդամենը երկու միավոր ենք զիջում: Հայկական ընտրանին երբեք այսպես հաջող չի սկսել խմբային մրցաշարը: Ինչու՞մն է գաղտնիքը:
– Ինչ վերաբերում է այս մրցաշրջանում մրցաշարային հեռանկարներին, ապա ես շատ քիչ ուշադրություն եմ դարձնում այդ հանգամանքի վրա, թե մենք մրցաշարային աղյուսակում որ հորիզոնականն ենք զբաղեցնում, աշխատում եմ աղյուսակին ուշադրություն չդարձնել: Եթե այս հարցին պրագմատիկ մոտեցում ցուցաբերենք, ապա մենք մեր խաղադաշտում երեք հանդիպում ենք անցկացրել և մեզ դեռ շատ արտագնա հանդիպումներ են սպասվում: Հավաքականը յուրաքանչյուր հանդիպմանը յուրովի է նախապատրաստվում: Կախված այն բանից մենք տանն ենք խաղում, թե դրսում, մարտավարությունը փոխվում է: Բայց որ ամեն խաղում, ես թիմի առջև առաջադրանք եմ դնում հաղթանակ տոնել, դա անժխտելի է:
Այո, մենք իրոք լավ ենք սկսել: Բայց դրա վրա կենտրոնանալ պետք չէ: Իհարկե դա հաճելի է: Բայց ավելի կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականը այդ միավորները հավաքել է գեղեցիկ ու որակյալ ֆուտբոլ ցուցադրելով: Նույնիսկ Իռլանդիային զիջած խաղում մենք վատ չխաղացինք: Կրկնում եմ, արդյունքները կգան միմիայն այն պարագայում, եթե խաղային առումով առաջընթաց արձանագրվի:
– Ոչ վաղ անցյալում, նախորդ մրցափուլի ժամանակ Բոսնիայի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտվեց 0-2 հաշվով, երկրպագուները ամոթանք էին տալիս ֆուտբոլիստներին և տրիբունաներից գոռում էին «Մինասյան հեռացի’ր»: Այժմ այդ մարդիկ պատրաստ են ֆուտբոլիստներին իրենց գլխի վրա տանել, իսկ Ձեզ հետխաղյա մամլո ասուլիսների ժամանակ ծափահարություններով են դիմավորում: Ինչպե՞ս այն ժամանակ ընդունեցիք այդ ակցիան, և արդյո՞ք Ձեզ վրա այն որոշակի տհաճ նստվածք է թողել:
– Ես դրան հանգիստ վերաբերվեցի, այդպես է նաև ներկայիս վերաբերմունքի պարագայում: Հավաքականը, իրոք, այդ խաղում շատ անատամ ֆուտբոլ ցուցադրեց:
– Իռլանդիայի հետ մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը ավելի վատ խաղաց, քան մյուս հանդիպումներում, համաձա՞յն եք:
– Կարծում եմ այդպես էլ պետք է լիներ: Ամեն դեպքում դա առաջին խաղն էր և որոշակի լարվածություն կար: Ավելացնեմ, որ Մակեդոնիայի հետ առաջին 20 րոպեն նույն պատկերն էր:
– Սլովակիայի հետ հանդիպումը այս մրցափուլում ամենահաջողն էր: Դա կապվա՞ծ էր սլովակների անտրամադիր խաղի, թե՞ մեր տղաների առաջին անհաջող խաղերը շտկելու փորձի հետ:
– Ոչ: Ուղղակի մրցաշարի ընթացքում թիմն ավելի խաղակցված էր գործում: Տղաները վստահություն ձեռք բերեցին սեփական ուժերի նկատմամբ: Իսկ եթե կա վստահություն, ապա կարող ես իրացնել թիմի ներուժը:
– Մրցափուլում որոշակի դադարը մի քանի ոչ հաճելի անակնկալներ մատուցեց կապված մեր թիմի առանցքային ֆուտբոլիստների հետ` սկզբում հիվանդացավ Հենրիխ Մխիթարյանը: Այնուհետև հերթով վնասվածքներ ստացան Մկրտչյանը, Բերեզովսկին, Արզումանյանը, Մովսիսյանը: Ի՞նչ եք կարծում, այս ֆուտբոլիստները մարտին կայանալիք Ռուսաստանի դեմ հանդիպմանը պատրաստ կլինե՞ն:
– Ռուսաստանի խաղից առաջ ինձ համար կարևոր է երկու բան` առաջինը, որ տղաները խուսափեն անցանկանալի վնասվածքներից և երկրորդ` ֆունկցիոնալ առումով լավ պատրաստ լինեն: Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա Մխիթարյանը արդեն հանդես է գալիս «Շախտյորի» կազմում: Արզումանյանը վերականգնվել է և իր թիմի պահեստայինների նստարանին է: Մովսիսյանը նույնիսկ իր վերականգնողական ծրագրից մեկ խաղ շուտ խաղադաշտ դուրս եկավ, քանի որ սպասվում էր, որ նա իր առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 12-ին: Բերեզովսկին նույնպես նորմալ վիճակում է: Իսկ Մկրտչյանը վիրահատությունից հետո աստիճանաբար վերականգնվում է:
Կրկնում եմ, ինձ համար կարևոր է ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Դա այնպիսի բան է, որը չես կարող անմիջականորեն դրա վրա ազդել: Եթե համեմատենք մեր ու ռուսաստանցի ֆուտբոլիստներին, ապա նրանք այդ առումով ավելի լավ վիճակում են, քանի որ իրենց լեգիոներները, չնայած որ իրենց թիմերի մեկնարկային կազմում չեն խաղում, բայց անհրաժեշտ ֆիզպատրաստվածության մակարդակ ունեն: Իսկ մնացած ֆուտբոլիստները, որոնք հիմնականում հանդես են գալիս Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ակումբներում` «Զենիթում», ԲԿՄԱ-ում նորմալ խաղային պրակտիկա ունեն: Այդ թիմերը հանդես են գալիս Եվրոպայի լիգայի մրցաշարում և նրանց կազմում ընդգրկված հավաքականի ֆուտբոլիստները պատրաստվածության հետ կապված խնդիրներ չունեն:
– Դուք չեք հոգնում կրկնել, որ այս մրցափուլում Ձեզ համար կարևոր է որակյալ ֆուտբոլ ցուցադրել, իսկ մրցաշարային գործերն այդքան էլ կարևոր չեն: Բայց միևնույն ժամանակ հավաքականի ֆուտբոլիստներն իրենց հարցազրույցներում նշում են, որ իրենք վճռականորեն են տրամադրված խմբից դուրս գալու կամ բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար:
– Ես չեմ ասում, որ մրցաշարային գործերն ընդհանրապես կարևոր չեն: Ուղղակի մեր առաջնային խնդիրը խաղի ճիշտ կառուցումն է: Եթե չես կարող քայլել, չես էլ կարողանա վազել: Ամեն ինչ աստիճանաբար պետք է կատարվի:
– Դուք մեկնել էիք Վորոնեժ ներկա գտնվելու Ռուսաստան-Բելգիա ընկերական հանդիպմանը, և երևի դիտել եք Ռուսաստան – Իրան հանդիպման տեսագրությունը: Այդ խաղերից կարևոր հետևություններ քաղե՞լ եք:
– Այդ երկու խաղերին մեկ բան է միավորում, դրանք երկուսն էլ ընկերական հանդիպումներ էին: Ռուսական ընտրանու իրական ուժը այդ խաղերում չերևաց: Բայց այդ երկու խաղերում նկատվեց, որ Ռուսաստանի հավաքականը մեծ ներուժ ունի: Պետք չէ մեծ ուշադրություն դարձնել գրանցված արդյունքների վրա:
– Բայց միևնույն ժամանակ փետրվարին Կիպրոսում Հայաստանի հավաքականը ընկերական խաղում զիջեց վրացական ընտրանուն: Մինչ այդ խաղը, Դուք նշում էիք, որ տղաների հաջող խաղը լրացուցիչ խթան կհանդիսանա, որ տղաները պաշտոնական խաղերում առավել վստահ գործեն: Ի՞նչը չստացվեց:
– Եթե դիտարկենք այդ խաղը, ապա մեր թիմից բացակայում էին չորս առաջատար ֆուտբոլիստներ: Կարելի է ասել, ամբողջ կենտրոնական հատվածը չկար` Բերեզովսկի, Մկրտչյան, Արզումանյան, Մովսիսյան: Վերցնենք Գերմանիայի հավաքականը և հանենք այդ թիմից չորս առաջատար ֆուտբոլիստների: Մի՞թե դա չի անդրադառնա ամբողջ թիմի ցուցադրած ֆուտբոլի որակի վրա: Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ վատ հանդես եկանք և հատկապես երկրորդ խաղակեսում ցուցադրեցինք բավականին որակյալ ֆուտբոլ:
– Մարտի 26-ին կայանալիք Հայաստան –Ռուսաստան հանդիպումը Ձեր մարզչական կարիերայի ամենակարևոր հանդիպո՞ւմն է:
– Չէի ասի: Իհարկե, այս մրցափուլում, այդ խաղից շատ բան է կախված: Եվ մենք այդ խաղին միայն հաղթանակի ցանկությամբ ենք նախապատրաստվում: Բայց հաղթել կարող ենք ցուցադրելով որակյալ ֆուտբոլ: Միևնույն ժամանակ պետք չէ կրքեր բորբոքել: Մենք արդեն վատ փորձ ունենք, երբ ավելորդ ուշադրությունը խանգարեց մեզ Թուրքիայի դեմ խաղում, որը տխուր վերջաբան ունեցավ: Պետք չէ խաղից առաջ տղաների վրա հոգեբանական ճնշում գործադրել: Ռուսաստանի դեմ խաղը աշխարհի վերջը չէ: Մենք հանգիստ կընդունենք թե’ հաղթանակը, թե’ պարտությունը: Կվերլուծենք ու կշարժվենք առաջ: Իսկ ինչ վերաբերում է կարիերայի կարևորագույն հանդիպմանը: Ապա այս հանդիպումը չէի առանձնացնի, ինչպես մյուս խաղերը: Կարևորը ընդհանուր արդյունքն է, ճիշտ խաղի կառուցումը: Հավաքականը երբեք այսքան մեծ փոփոխությունների չի ենթարկվել` մենք կտրուկ երիտասարդացրել ենք թիմի կազմը: Բայց դրանով հանդերձ խաղի որակը չի ընկել: Շատ լավ կլինի, որ մենք հաղթենք, և այդ սկզբունքով էլ տղաները խաղադաշտ դուրս կգան:
– Արդեն այսօր կարող ենք ասել, որ մարտի 26-ին Երևանում մեծ ֆուտբոլային տոն է սպասվում: Ըստ Ձեզ որքանո՞վ է կարևոր «Հանրապետական» մարզադաշտի աջակցությունը:
– Ես միշտ մեծ կարևորություն եմ տալիս այդ գործոնին: Լեփլեցուն խաղադաշտում խաղալը միշտ էլ հաճելի է: Ես զրուցել եմ ֆուտբոլիստների հետ, և նրանք նույնպես կարծում են, որ մարզադաշտի աջակցությունը շատ կարևոր է:
– Իսկ ի՞նչ եք կարծում Երևանում Ռուսաստանի դեմ խաղում, ռուսները խաղի ֆավորի՞տն են, քանի որ նրանք բոլոր երեք արտագնա հանդիպումներում էլ հաղթանակներ են տոնել:
– Թո’ղ մասնագետները նախապատվությունը տան Ռուսաստանի հավաքականին: Վիճակագրությունը, ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը, խաղացողների ավելի բարձր կարգը նույնպես իրենց օգտին է: Բայց դա միշտ չէ, որ ժամանակակից ֆուտբոլում արդյունավետ է լինում: Օրինակ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ընդգծված ֆավորիտն է: Բայց նրանք կկարողանան նվաճել այդ գավաթը, ոչ ոք չի կարող ասել: Ով ֆունկցիոնալ, հոգեբանական առումով ավելի պատրաստված կլինի, ով ավելի հաջողակ կլինի, նա էլ կհաղթի: Պետք է այդ ամենը միասին դիտարկել:
– Իսկ որո՞նք են Ռուսաստանի հավաքականի ուժեղ կողմերը:
– Այդ հավաքականը բարձրակարգ, եվրոպական մակարդակի լավ ֆուտբոլիստներ ունի:
– Բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի հավաքականի առաջատարները իրենց թիմերի հիմնական կազմերում չեն խաղում: Մեր դեմ խաղում չեն խաղա Բիստրովն ու Անյուկովը: Այդ գործոնը ի՞նչ դեր կխաղա: Բացառությամբ Պավլյուչենկոյի մնացածը խաղում են:
– Անյուկովն անխոս ռուսական ընտրանու ընդգծված առաջատարներից է: Բայց կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականը պահեստայինների երկար նստարան ունի և թե’ Անյուկովի, թե’ Բիստրովի համարժեք փոխարինողներ կգտնվեն:
– Եթե Հայաստանի հավաքականը ռուսների դեմ խաղա, ինչպես սլովակների դեմ խաղում, դա հաղթանակի համար բավարար կլինի՞:
– Կարծում եմ, այդ խաղով նվազագույնը կարող ենք ոչ ոքի խաղալ: Քանի որ Սլովակիայի ընտրանին բավականին ամուր մրցակից է:
Լուսանկարը՝ ffa.am