ՌԴ պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր անձնական բլոգում առաջարկել է ճապոնացիներին տեղափոխել Ռուսաստան և կոչ է արել սատարել իր նախաձեռնությունը:
Ժիրինովսկին, մասնավորապես, գրել է. «Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի հետևանքով մահացածների և անհայտ կորածների թիվը հասնում է մի քանի հազարի: Երկրի հարյուր հազարավոր քաղաքացիներ ստիպված են եղել թողնել իրենց բնակավայրերը և փրկվել ժամանակավոր ապաստարաններում:
Ճապոնական կղզիները պիտանի չեն մշտական բնակության համար, դրանք չափազանց խոցելի են բնության աղետների համար: Ռուսաստանը շատ ավելի կայուն տարածաշրջան է»:
Ժիրինովսկին առաջարկել է ճապոնացիներին բնակեցնել Ռուսաստանի ազատ տարածաշրջանները:
«Թող գնան ազատ տարածաշրջաններ, կառուցեն, ապահովեն իրենց կյանքը: Մենք շատ ազատ տարածքներ ունենք, որտեղ կարելի է ուժ և միտք կիրառել, հատկապես` ճապոնական: Թող օրենքի համաձայն քաղաքացիություն ձեռք բերեն, ռուսերեն սովորեն և տարրալուծվեն»,- առաջարկել է քաղաքական գործիչը:
Հոդվածի վերջում Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է քվեարկել իր նախաձեռնության օգտին: