Մարտի 13-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սիսիան քաղաքի Գայի փողոցում գտնվող խանութում կրակոցի ձայներ են լսվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողության համար նախկինում դատապարտված, 38-ամյա Աշոտ Մ.-ն՝ դիմակավոր և զինված «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով, ժամը 21.30-ի սահմաններում մուտք է գործել նշված խանութ և փորձել հափշտակել այնտեղ վաճառվող ոսկյա զարդերը, սակայն հանդիպելով տնօրենի և աշխատակցի դիմադրությանը` ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աշոտ Մ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել:
Հարուցվել է քրեական գործ` ավազակային հարձակման հատկանիշներով: