«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է հացադուլն Ազատության հրապարակում:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը, այս գիշեր նա անցկացնելու է Ազատության հրապարակում:
Իր հացադուլը «Ժառանգության» ղեկավարն անվանել է «Ձոն Ազատության»: Թե ինչքան է տևելու հացադուլը, Հովհաննիսյանը չի նշել:
Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում են գտնվում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաև ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որ եկել էր տեղեկանալու Րաֆֆի Հովհաննիսյանի առողջության մասին:
Ազատության հրապարակում են գտնվում նաև Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները:
Հիշեցնենք, որ հացադուլ սկսելու որոշման մասին Հովհաննիսյանը հայտարարել էր այսօր «Ժառանգության» կուսակցության արտահերթ նիստին հնչեցրած իր ելույթի վերջում:
Իր որոշումը Հովհանիսյանը պայմանավորել է երկրում ստեղծված արտակարգ իրավիճակով:
Epress.am-ի հետ զրույցում նիստին ներկա ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն և Ստեփան Սաֆարյանն ասել էին, որ իրենց համար ևս այդ որոշումն անակնկալ էր: