Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանն այսօրվա դատական նիստից հետո հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Փաստաբանը նշել է, որ Սամսոն Խաչատրյանը խոսել է դատարանի դահլիճում և հայտարարել, որ ինքը որևէ ոստիկանի չի հարվածել:
Ըստ ոստիկանության` մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում «չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»:
Մեղադրյալի խոսքով` նշված վայրում ինչ-որ անձնավորություններ կանանց ու երեխաներին հարվածներ էին հասցնում և վիրավորում, և ինքը փորձել է կանխել այդ գործողությունները:
Նշենք, որ դատավարության ընթացքում դատարանի մոտ էին հավաքվել ՀԱԿ-ի ակտիվիստները: Այնտեղ են նաև ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Հավաքվածները վանկարկում էին «Ազատություն Սամսոնին», «Բռնեք Սերժիկին» և այլ կարգախոսներ: