Այսօր բացօթյա առևտրի արգելքի դեմ պայքարող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Ակցիան անցել է առանց խնդիրների, ոստիկանները չեն միջամտել բողոքողների գործողություններին, ովքեր իրենց կոչերն են վանկարկել` պահանջելով թույլ տալ բացօթյա առևտուրը Երևանի փողոցներում:
Ի տարբերություն նախորդ մի քանի ակցիաների, երբ ոստիկանությունը թույլ չէր տալիս ցուցարարներին անցնել քաղաքապետարանի մայթ, այս անգամ բողոքողներին թույլ են տվել ակցիան անցկացնել իրենց ուզած վայրում` անմիջապես քաղաքապետարանի կենտրոնական մուտքի մոտ:
Ակցիային ներկա է եղել նաև «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներն այս պահին երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ` այնտեղ հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցելու նպատակով: