Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի տնօրեն Արիֆ Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Բաքուն իրեն իրավունք է վերապահում վերացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ցանկացած ինքնաթիռ, առնվազն անպատասխանատու խոսքեր են:
Այս մասին Epress.am-ին հայտնել են Ղարաբաղի ԱԳ նախարարությունից` նշելով, որ Ղարաբաղի բանակի ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության միջոցները մշտապես մարտական պատրաստականության վիճակում են գտնվում` հսկելով հանրապետության ցամաքային և օդային տարածքը:
«Ադրբեջանական կողմը լավատեղյակ է այս հանգամանքին, և նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական սադրանք Բաքվի կողմից, ինչը շատ լավ տեղավորվում է նրանց` աբսուրդի հասնող հակահայկական քարոզչության շրջանակներում»,- հայտնել է մեր աղբյուրը:
Նշենք, որ ավելի վաղ ԱՊԱ գործակալությունը փոխանցել էր Մամեդովի խոսքերն այն մասին, որ Բաքուն Ղարաբաղի մայրաքաղաքում նոր օդանավակայան կառուցելու մասին տեղեկություններ ունի, ինչի կապակցությամբ իրենք անցյալ տարվա հոկտեմբերին նախազգուշացում են ուղարկել քաղաքացիական ավիացիայի Միջազգային կազմակերպությանը (ICAO):
«Մենք տեղեկացրել ենք, որ Ղարաբաղի օդային տարածքը փակ է: «Ավիացիայի մասին օրենքի» համաձայն` նախատեսվում է այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացում իրականացնել»,- հայտարարել էր Մամեդովը: