Մոտավորապես ժամը 01:00-ի սահմաններում, երբ Ազատության հրապարակում հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է վրան տեղադրել` այնտեղ գիշերելու համար, մայոր Գրիգորյան ներկայացած ոստիկանը չի թույլատրել, որ վրանը տեղադրվի: Երբ ներկաները ցանկացել են իմանալ, թե որ օրենքի հիման վրա են արգելում վրան տեղադրել, ոստիկանը ոչ մի հիմնավորում չի ներկայցրել:
Այս մասին Epress.am-ին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը:
«Մենք հիմա ձեռքերով վրանը պահել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, որպեսզի քամին նրան չվնասի, քանի որ հացադուլի նստած մարդու առողջությունն արդեն իսկ վտանգված է»,- ասել է Սանասարյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ոստիկանական գործողությունները ղեկավարում է ՊՊԾ գնդի պետ Վալերի Օսիպյանը:
«Օսիպյանն իրեն շատ լկտի է պահում: Երբ Լարիսա Ալավերդյանը նրան հարցրեց, թե որ օրենքով են արգելում այստեղ վրան տեղադրել, Օսիպյանն ասաց՝ «ես ձեզ հետ ցանկություն չունեմ խոսելու ու օրենք ցույց չեմ տալիս», որից հետո շրջվեց և մեջքով կանգնեց Ալավերդյանին»,- պատմել է Սանասարյանը: Վերջինս նաև ասել է, որ այդ պահին Ազատության հրապարակում են եղել «Ժառանգության» բոլոր պատգամավորները, ինչպես նաև մոտ 40 քաղաքացիներ, որոնք աջակցում են Հովհաննիսյանին: