Home / Հայաստան / «Ոչ թե ամեն գնով, այլ բացառապես քաղաքական պայքարի օրինական միջոցներով». Տեր-Պետրոսյան

«Ոչ թե ամեն գնով, այլ բացառապես քաղաքական պայքարի օրինական միջոցներով». Տեր-Պետրոսյան

Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 17-ի Կոնգրեսի հանրահավաքի իր ելույթի սկզբում անդրադարձել է մարտի 1-ի հանրահավաքին իշխանություններին ուղղված և իր կողմից հնչեցրած  պահգանջներին:

«Ստիպված եմ անդրադառնալ այդ հայտարարության հետ կապված որոշ թյուրըմբռնումների, որոնք մասամբ արդյունք են անուշադրության, մասամբ էլ դիտավորության։ Պարզաբանումների կարիքն զգացվում է ոչ թե հակաճառելու կամ արդարանալու նկատառումով, այլ սոսկ փաստերը ճշգրտելու նպատակով, որովհետև հայտարարությունից արվում են հեռուն գնացող եզրակացություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, չխոսած այլևս անհիմն մեղադրանքների ու վերագրումների մասին։ Արդ, որո՞նք են այդ թյուրըմբռնումները.

ա. Հայտարարության մեջ նշված ժամկետը՝ մարտի 15-ը, վերաբերում է ոչ թե ողջ փաստաթղթին, ինչպես ցավալիորեն ընկալել են շատերը, այլ միայն նրա առաջին կետին՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ինքնըստինքյան հասկանալի լինելով, որ առաջ քաշված մյուս խնդիրների լուծման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։

բ. Մարտիմեկյան զոհերի ընտանիքների ու վիրավորների նյութական փոխհատուցման և նվազագույն աշխատավարձի, գործազրկության նպաստի ու կենսաթոշակների պահանջվող չափերը նշված են դոլարային արտահայտությամբ ոչ թե, ըստ ոմանց, ինչ-որ հետին մտքով, այլ ընդամենը նկատի ունենալով դրամի փոխարժեքի փոփոխականությունն ու նրա շեշտակի անկման հավանականությունը, ինչը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի՝ նշանակալիորեն իմաստազրկելով այդ պահանջները։ Ի դեպ, ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանն ինքը, մարտի 11-ին ունեցած ելույթում, հաստատեց, որ այս տարի դրամն արժեզրկվելու է՝ թեկուզ «դանդաղ ու կայուն».

գ. Եթե որոշ իշխանավորների պաշտոնանկությունը պահանջող կետում նշված չէ Սերժ Սարգսյանի անունը, դա ամենևին չի նշանակում, որ վերջինիս հրաժարականի հարցը հանված է օրակարգից։ Մի՞թե պարզ չէ, որ քանի առկա է արտահերթ նախագահական ընտրություների անցկացման պահանջը, դա չի կարող տեղի ունենալ առանց նրա հրաժարականի։

դ. Հայտարարությունը ոչ թե վերջնագիր է, ինչպես սխալմամբ կարծում կամ չարամտաբար ներկայացնում են ոմանք, այլ անցնցում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ծրագիր ր իշխանություն-հասարակություն մակարդակով քաղաքակիրթ երկխոսություն սկսելու առաջարկ՝ հիմնված, առաջին հերթին, պետական շահի և ազգային համերաշխության գիտակցության վրա։ Վերջնագրով մենք հարկադրված կլինենք հանդես գալ այն ժամանակ, երբ երկխոսության հնարավորությունը սպառված կհամարենք», – ասել է Տեր-Պետրոսյանը։

Նա նշել է, որ թե՛ ներքաղաքական մթնոլորտի շիկացման, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրների կուտակվածության, և թե՛ իշխանությունների կատարյալ ապիկարության դրսևորման տեսակետից Հայաստանում առաջացել է աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ, որը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում։

«Բոլորի համար պարզ է արդեն, որ անհնար է որևէ հույս կապել այս իշխանությունների հետ, քանի որ նրանք մի կողմից՝ ակներևաբար մտադիր չեն հրաժարվել երկիրը մինչև վերջ թալանելու իրենց քաղաքականությունից, իսկ մյուս կողմից՝ անկարող են զարգացնելու տնտեսությունը, կրճատելու գործազրկությունը, բարձրացնելու աշխատավարձերն ու թոշակները, զսպելու մոլեգնող գնաճը, պահպանելու դրամի կայունությունը և վերացնելու, կամ թեկուզ, դանդաղեցնելու արտագաղթը։ Ուստի ակնհայտ է, որ միանգամայն հասունացել է Հայաստանում արմատական փոփոխությունների իրականացման, կամ այլ կերպ ասած, ավազակապետական համակարգի վերջնական կազմաքանդման պահը։

Վերջին հանրահավաքների արտակարգ մարդաշատությունը ցույց է տալիս, որ հասարակությունը լիովին գիտակցում է այս իրողությունը և վճռել է տեր կանգնել իր իրավունքներին ու արդարացի պահանջներին, միաժամանակ հասունություն դրսեւորելով, դրանց կատարմանը հասնելու ոչ թե ամեն գնով, այլ բացառապես քաղաքական պայքարի օրինական միջոցներով», – ասել է ՀԱԿ առանջրոդը։

Նրա խոսքով` ի տարբերություն հասարակության, իշխող վարչախումբը, դատելով մարտի 1-ի հայտարարության հանդեպ ցուցաբերած նրա արձագանքից, կամ ավելի ճիշտ, արձագանքի բացակայությունից, դեռևս բոլորովին չի ընկալել իրավիճակի լրջությունն ու դրանից ելք փնտրելու հրատապ անհրաժեշտությունը՝ համառորեն շարունակելով չտեսնելու տալ ոչ միայն ժողովրդի տրամադրությունը, այլև ներքաղաքական լարվածության սրման հարաճուն միտումները։

«Իհարկե, միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը, պատվախնդրության, կամ իր լեզվով ասած, թասիբի մասին ունեցած պրիմիտիվ պատկերացմամբ, անմիջապես պիտի ընկրկեր ժողովրդի առջև և զիջումների գնալու փութկոտություն դրսեւորեր՝ ակամա մատնելով սեփական թուլությունն ու շփոթվածությունը։ Նա դեռ պետք է ցույց տա, որ վստահ է իր ուժերին, դեռ պետք է դիմադրի ու փորձի ժամանակ շահել՝ հուսալով, որ բողոքի ալիքն ինքնիրեն կմարի և այլն։ Իշխանությունը, սակայն, վերջապես պետք է հասկանա, որ հասարակության արդարացի պահանջներին ընդառաջելը ոչ թե անպատվություն է, այլ առաքինություն։ Հակառակ վերաբերմունքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական անգրագիտություն կամ գավառամտություն, իսկ հասարակական մթնոլորտի այնպիսի շիկացման պարագայում, ինչպիսին ներկա իրավիճակն է, նման պահվածքն արդեն հավասարազոր է արկածախնդրության, եթե չասենք՝ հանցագործության։ Երկխոսության ու փոխզիջման նախաձեռնումը կամ ընդհանրապես ներքաղաքական լարվածության թուլացումը ոչ այնքան ընդդիմության, որքան, առաջին հերթին, իշխանության մտահոգության առարկան պետք է լինի, որովհետեւ սահմանադրությամբ նրա վրա է դրված երկրի անվտանգության ու կայունության ապահովման պատասխանատվությունը։ Ցավոք սրտի, մինչև հիմա իշխանությունը, բոլոր բռնապետությունների նման, սխալ է հասկացել այդ պատասխանատվությունը` փորձելով երկրի երևութական կայունությունն ապահովել քաղաքական ընդդիմության հանդեպ ձեռնարկված անօրինական միջոցներով՝ սկսած տեղեկատվական շրջափակումից ու հանրահավաքների արգելումից, ավարտած սադրիչ գործողություններով, ոստիկանական ահաբեկումներով, հրազենի գործադրմամբ ու բանտերով։ Մեր աչքի առջև իրար ետևից փլուզվող շատ ավելի ամուր բռնապետությունների օրինակը, սակայն, ցույց է տալիս, որ այդ միջոցները սնանկ են սեփական իրավունքներին տեր կանգնելու վճռականություն ցուցաբերող ժողովուրդներին զսպելու գործում, ինչից Հայաստանի իշխանությունը, եթե խելագար չէ, չի կարող համապատասխան դաս չքաղել», – ասել է Տեր-Պետրոսյանը։