Ճապոնիայի զինված ուժերի ուղղաթիռները մարտի 17-ին սկսել են «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի երրրորդ և չորրորդ վթարային էներգաբլոկերի վրա ծովի սառը ջուր լցնել, հաղորդում է AFP-ն: Հատուկ գործողությունների մեջ ներգրավված են CH-47 տիպի 3 ուղղաթիռներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ավելի քան 7 տոննա ջուր տեղափոխել: Ճապոնիայի իշխանությունները մարտի 15-ին հայտարարել են, որ դիտարկում են օդից նման գործողություններ իրականացնելու հնարավորությունները, քանի որ դեպի ԱԷԿ տանող հողային տարածքը խոչընդոտներ է ստեղծում:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ հատուկ գործողությունների իրականացումը հետաձգվում է, քանի որ դեռևս հստակեցված չէ ռեակտորներում առկա վնասի աստիճանը, ինչպես նաև պարզ չէ, թե ինչ հետևանքների դա կարող է բերել: Միաժամանակ մտավախություններ կային, որ ուղղաթիռների օդաչուները կարող են ճառագայթում ստանալ:
Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է «Ֆուկուսիմա-1»-ում տեղի ունեցած աղետի հետևանքների վերացման մեջ ընդգրկել նաև ոստիկանական ուժեր: Համապատասխան հատուկ միջոցներ տրամադրելու պահանջն ուղարկվել է Ոստիկանության Ազգային վարչություն: